Տեղի է ունեցել Մատենադարանի տնօրինության նիստ

2016-10-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մատենադարանի վաղամեռիկ տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Մատենադարանի ներկայիս աշխատակազմը պետք է հնարավոր ամեն ինչ անի` ազգային արժեք համարվող հին ձեռագրերի ինստիտուտի տասնյակ տարիներով ձևավորված լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանելու, այլև եկող սերունդներին փոխանցելու ուղղությամբ: «Ավանդաբար Մատենադարանի յուրաքանչյուր աշխատակից, անձնական  պատասխանատվության և նվիրումի շնորհիվ, ոչ միայն պահպանել, այլ նույնիսկ փայփայել է մեր ազգային հպարտություն ձեռագրերը: Գիտեմ, որ Մատենադարանի ներքին կանոնակարգի համաձայն` յուրաքանչյուր աշխատակից նյութական լիակատար պատասխանատվություն է կրում ձեռագրերի պահպանության և անվտանգության հարցում, սակայն դեռևս չունենք  հին ձեռագրի պահպանության կարգ` անկախ այն հանգամանքից` այդ ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում, այլ թանգարաններում, թե մասնավոր հավաքածուներում»,-նշել է նախարարը:
Հաշվի առնելով Մատենադարանի մասնագիտացումների բացառիկությունը` ձեռագրագիտություն, միջնադարագիտություն և այլն, ինչպես նաև կադրերի երիտասարդացման անհրաժեշտությունը` նախարարն ընդգծել է տեղական և միջազգային ուսումնական հաստատությունների և կառույցների հետ հստակ նախագծերի իրականացման  կարևորությունը: 
Նիստի ընթացքում քննարկվել են Մատենադարանի Արցախի մասնաճյուղի կարգավիճակի հստակեցման, առաջիկայում տնօրենի թափուր պաշտոնի ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ձեռագրերի պահպանության և անվտանգության, կառույցի ֆինանսական և աշխատանքային հիմնախնդիրներին: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։