ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

2016-05-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:  Առաջին կանգառը Գյումրու Օյունջյան վարժարանում  էր, որտեղ նա հանդիպում  է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կրթական համակարգի  սպասվող փոփոխությունների, առկա խնդիրների և, ընդհանրապես, ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցերով նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա  ընդգծել է, որ կրթության ոլորտի կառուցվածքի առումով անցած տարիների ընթացքում  բավականին լուրջ հենք է ստեղծվել, և այժմ ժամանակն  է  քայլ կատարել  դեպի երկրորդ փուլ և կրթության նոր կառուցվածքն ապահովել ժամանակակից պահանջներին համապատասխան բովանդակությամբ:
«Տարիներ առաջ կրթական բարեփոխուﬓերը սկսեցինք «Որակ և համապատասխանություն»  կարգախոսով ու սկսեցինք խորհրդային կրթակարգը համապատասխանեցնել նոր կրթական չափանիշներին: Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, ﬕջին մասնագիտական կրթության ոլորտներին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի ունեցավ որոշակի որակական անկում, և շատ կարևոր է, որ կարողանանք ձևաչափը որակական առումով փոփոխել, ընդ որում` փոփոխությունները պետք է սկսել  հենց հանրակրթությունից»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 
Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: «Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձևավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար: Բազմիցս ասել եմ և Գյումրիում ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կրթությունը միջոց է ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Աշխարհում չկա միջազգային կրթություն, կան միջազգային քաղաքակրթական նորմեր, միջազգային չափանիշներ, կան ընդհանուր սկզբունքներ, բայց կրթությունը տվյալ ազգինն է: Կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձևավորել մեր ազգայինը: Մենք պետք է կարողանանք  կրթված մարդուց բացի նաև դաստիարակված քաղաքացի  ձևավորել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթված, գիտելիքներով հարուստ քաղաքացի ձևավորելուն զուգընթաց անհրաժեշտ է ապահովել հայի տեսակին համապատասխան դաստիարակություն:
 Կարևորելով կրթության համակարգի շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ու շարունակականության ապահովումը՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է յուրաքանչյուր օղակի իր տեսլականը:Նա նշել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է: «Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլագիական որոշակի կարողություններ, միանգամից  ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ: Մեր հարևան Վրաստանում, օրինակ, տարրական դպրոցը ներառում է մինչև 6-րդ դասարանը:Ազատությունից դեպի պատասխանատվություն. այս անցումը պետք է արվի համընթաց՝ առանց ֆիզիկական կարողություններին վնասելու»,-ասել է Լ. Մկրտչյանը:
 Կրթության նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին՝  տեղեկացնելով այս խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: «Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է  իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները  դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան  որոշակի փոփոխությունների արդյունքները: Նա շեշտել է, որ մագիստրատուրան ևս ավագ դպրոցի օրինակով մեր երկրում կայացած չէ. այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում:
Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի  հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: «Դրական ﬕավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու  հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը: 
Կրթության նախարարը խոսել է նաև ազգային կրթակարգի վերականգնման անհրաժեշտության մասին, որը որոշիչ դեր պետք է ունենա կրթության համակարգի համար: Ըստ նախարարի`  ի թիվս այլ հարցերի, ազգային կրթակարգում պետք է ամրագրվեն  պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաները: Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը,  դպրոցների ֆինանսավորման խնդիրներին:
Օրվա երկրորդ կեսին Լևոն Մկրտչյանը հյուրընկալվել է «Պրոգրես» համալսարանում, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացին, ներկա գտնվել Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։