Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

2016-10-17

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: «Այստեղ իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն ձեռագիր ունեցող մարդիկ: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը օգտակար կլինի, քանի որ բոլորս համախոհներ ենք և պետք է բոլոր հարցերը միասին քննարկենք և փորձենք լուծումներ գտնել:
 Իմ կարծիքով` կարևոր բացթողում էր, երբ ժամանակին` 1998 թվականին, կոլեգիա հասկացությունը ձևափոխվեց, քանի որ այն բավականին մեծ հեղինակություն էր վայելում ոլորտում: Հիմա պետք է հասարակական խորհրդի վարկանիշը բարձրացնել պատշաճ մակարդակի, որպեսզի այն դառնա ոլորտում իր խոսքն ասող կարևոր մարմին»,-իր ներածական խոսքում մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը` առաջարկելով հետագա նիստերի ընթացքում օրակարգը համատեղ որոշել և ներկայացնել  համապատասխան առաջարկություններ:
Այնուհետև խորհուրդը հաստատել է նիստի օրակարգը և անցել հիմնական հարցին` ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագծի քննարկմանը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը: Նա նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը միակ ոլորտային ծրագիրն է, որն արժանանում է ԱԺ հավանությանը և ստանում օրենքի ուժ: Նրա խոսքով` մինչև այժմ ծրագիրը 5-ամյա է եղել, իսկ այս անգամ որոշում է կայացվել այն մշակել առաջիկա 10-ամյակի համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնաժամկետ պլանավորումը 3 տարով է, ինչպես նաև ՄԱԿ-ի օրակարգով միջազգային ծրագրերը մշակվում են մինչև 2030 թվականը: Բանախոսը ներկայացրել է ծրագրի հիմնական տեսլականը, այն է` կրթությունը մարդու հիմնարար իրավունք է և հանրային արժեք: Ծրագրում ամրագրվել է, որ կրթության զարգացման գլխավոր նպատակն է` կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին, մտավոր կարողություններին ու ձգտումներին համապատասխան որակյալ կրթություն, բավարարում է տնտեսության ու հասարակության պահանջները, լիարժեք ծառայում  ազգային շահերին: Որպես հիմնական ռազմավարություն մատնանշվել են` կրթության բազմազանեցումը, սոցիալական երկխոսությունը և գործընկերային համագործակցությունը: Բանախոսը ներկայացրել է նաև ծրագրի պետական քաղաքականության սկզբունքները` ներառականություն, տարածքային համաչափ զարգացում, ազգային և համամարդկային արժեքների համադրում, թափանցիկություն և հաշվետվողականություն: Ռոբերտ Ստեփանյանը մասնակիցներին է ներկայացրել նաև ծրագրի հիմնական թիրախները` 1. Մինչև 2025 թվականը ապահովել  բոլոր երեխաների համար մատչելի, հավասար և որակյալ միջնակարգ, ներառյալ՝ նախնական մասնագիտական կրթություն՝ արդյունավետ վերջնարդյունքով: 2. Կրթության բոլոր մակարդակներում ամրապնդել դաստիարակության բաղադրիչը: 3. Մինչև 2025 թվականը ապահովել 3-6 տարեկան բոլոր երեխաների համար հասանելի և որակյալ  նախադպրոցական կրթության մատչելիություն և ապահովել 5 տարեկանների առավել ընդգրկվածություն: 4. Մինչև 2025 թվականը զգալիորեն ավելացնել մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող երիտասարդների և մեծահասակների թիվը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով: 5. Մինչև 2025 թվականը ապահովել բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում:
Զեկուցումից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագիրն առավել կիրառական դարձնելու և միջոցառումների կոնկրետ ժամանակացույց ձևավորելու, միջանկյալ հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտության և այլ հարցերի:
Նիստի ավարտին խորհուրդն ընդունել է որոշում, համաձայն որի` հավանության է արժանացել ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագիծը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ, որոնք օրենքի հաստատումից հետո կներառվեն համապատասխան հավելվածում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։