20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին

2016-10-14

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) տնօրեն Վիլգելմ Հյուգոն:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանում նման համաժողով գումարելու համար: «Երևանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման առումով, որովհետև տուրիզմը և հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Սա այն մասնագիտություններից է, որն անմիջապես կապված է աշխատաշուկայի հետ: Հույս ունենք, որ համաժողովից հետո և՛ նոր գործընկերներ կգտնենք կրթության ոլորտում, և՛ ձևավորված արդյունքի հիման վրա կրթական չափորոշիչների, ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձևաչափեր: Մենք հատկապես կարևորում ենք միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի այն հատվածը, որոնք անմիջապես առնչվում են ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման որակի մեծացման հետ: Անելիքներն այս առումով շատ են. երկիրը իսկապես փորձում է գերակա այս ուղղությունը բերել նոր աստիճանի, և այդ ճանապարհին կարևորագույն բաղադրիչներից մեկը տուրիզմի կրթության որակի բարձրացումն է: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, վերապատրաստված որակյալ դասախոսներ, և այս իմաստով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ իսկապես կարևոր է: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին և հատկապես Եվրամիությանը, որոնք տարիներ շարունակ աջակցում են հատկապես այս ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարարը՝  համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և գործնական արդյունքներ: 
Նշենք, որ Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ «Եվրոդիպը», ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150000 ուսանող: Հայաստանում «Եվրոդիպի» 23-րդ համաժողովն անցկացնելու որոշումը կայացվել է 2013 թվականի հոկտեմբերին, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նիստում: 
Համաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել «Եվրոդիպի», Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։