Փոքրաթիվ ազգերին մեծ զգալու` մասնագիտություն
2016-10-14
Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի է ունեցել 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որը հայտարարել է իր այս տարվա 25 ականավոր բանախոսական ծրագիրը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը ցույց է տալիս, որ իսկապես ունենք շատ լուրջ արդյունք և հույս ունեմ, որ դա կօգնի Հայաստանին:
Այստեղ շատ ճիշտ ներկայացվեց մեր երկիրը, նրա հնարավորությունները, մեր շահագրգռվածությունը՝ նման որակյալ և մտավոր գործողությունների խրախուսման ուղղությամբ: Հայ ժողովուրդն իր աշխարհասփյուռ վիճակով, իր ցանցային մտածողությամբ հարյուրավոր տարիներ հոգեբանորեն պատրաստ է՝ առաջավորն ընկալելու: Մենք դեռևս 110 տարի առաջ կարողացել ենք ներդնել ցանցային մտածողություն և ձևաչափ: Ցանկանում եմ նաև ողջունել մեծ թվով երիտասարդության ներկայությունը գիտաժողովին, որովհետև Հայաստանի ապագան կապված է տեխնոլոգիաների և հասարակության կողմից այդ գաղափարախոսության յուրացման հետ: Ձեր մասնագիտությունը թույլ է տալիս փոքրաթիվ ազգերին իրենց զգալ մեծ և լիարժեք ներդրում ունենալ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բոլոր գործընկերներին:
Նշենք, որ գիտաժողովի հիմնական նպատակն է` էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելքի (հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրների) և Արևմուտքի մասնագետների ու հետազոտողների միջև փորձի փոխանակումը, նոր նախագծերի և գաղափարների քննարկումը:
Գիտաժողովի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է աշխարհի 31 երկրների արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի բարձր որակավորում ունեցող 175 տեխնոլոգների, այդ թվում` Intel, Qualcomm, Synopsys և IBM Research ընկերությունների առաջատար մասնագետների, խոշոր համալսարանների պրոֆեսորների: 25 բանախոսներ` ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իրանից և Լեհաստանից, ներկայացրել են իրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները և քննարկել հետագա զարգացման ուղղությունները: Հիմնական զեկույցները ներկայացվել են համակարգերի նախագծման ավտոմատացման, ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտի արդյունաբերության ապագայի վրա ազդեցություն ունեցող առաջատարների կողմից:
Երևանում նման կարևորության գիտաժողովի անցկացումը հետևանք է էլեկտրոնային նախագծման և թեստավորման ոլորտում հայ ճարտարապետների ու գիտնականների նվաճումների: