Ճամբարները կարող են այլընտրանք լինել նախնական զինվորական պատրաստության կաբինետային ուսուցմանը
2016-08-29
2016թ. ապրիլից Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազայում կազմակերպվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան ռազմամարզական ճամբարը՝ կրթական ծրագրի հայրենագիտական, բնապահպանական, արշավախմբային բաղկացուցիչներով: Այն ողջ ամառ գործել է տարբեր տարիքի սովորողների համար` ապահովելով նաև արշավախմբային-հայրենագիտական-էկոլոգիական աշխատանքների հնարավորություն։ Օգոստոսի 22-ին «Ժայռ» ճամբարում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ինչպեն նաև պատասխանատու ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՆ-ից, ՊՆ-ից և ԱԻՆ-ից։ Հավաքի առաջին մասում ճամբարի մասնակիցները հանդես են եկել ռազմամարզական խաղերի ցուցադրական ելույթներով, ներկայացրել ճամբարում ձեռք բերած իրենց կարողություններն ու հմտությունները: Երկրորդ մասում ճամբարի ակումբում անցկացվել է կլոր սեղան-քննարկում, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ճամբարի պետի և սովորողների հետ ներկաներին ներկայացրել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դեռահասների-պատանիների ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության ճամբարային կազմակերպման փորձը՝ որպես այլընտրանք այսօրվա նախնական զինվորական պատրաստության կաբինետային ուսուցման ձևին: Քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծումները, փորձի տարածմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները, մասնավորապես «Ժայռ» ճամբարի ընդարձակման հնարավորությունը, դրանում այլ դպրոցներ ընդգրկելու, ինչպես նաև Սյունիքում, Լոռիում և Արցախում ռազմամարզական- հայրենագիտական մեկական ճամբարներ ստեղծելու հարցերը: Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը խոստացել է աջակցել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված ճամբարի կազմակերպմանը՝ ճամբարականների համար տրանսպորտային փոխադրում կազմակերպելով դեպի ՀՀ ՊՆ Ճամբարակի զորամաս: