ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

2016-08-31


Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: 
Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները:  Նրանք  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Դպրոցում ստանալու են բազմաթիվ գիտելիքներ, տարիների ընթացքում խորացնելու են դրանք, որն էլ ապագայում դառնալու է հասուն կյանք մտնելու իրենց այցեքարտն ու ուղենիշը:
Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական  ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի, մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու   շրջան, որի ընթացքում նրանց ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք: 
    Շնորհավորելով բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:        
 
 Լավագույն ցանկություններով՝   ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։