Խ. Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անվան դասարան

2016-09-01

Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ուսումնական տարվա առաջին օրը նշանավորվել է պատմության դասարանն ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվանակոչության արարողությամբ: Միջոցառմանը ներկա են  եղել ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,  հերոսի ծնողները, եղբայրը, հարազատներն ու ընկերները: ՀՀ ԿԳ նախարարն իր ողջյունի ուղերձն սկսել է հերոսի ծնողներին ուղղված երախտագիտության խոսքով. «Ամենածանրը հիմա Ձեզ համար է:
Ադամը մեզ համար հերոս է, Ձեզ համար որդի,- նշել է Լ. Մկրտչյանն ու դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին շարունակել,- Ադամի օրինակով մենք հասկանում ենք, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ձեր առօրյան ,հոգսերն ու խնդիրները  կիսող երեկվա աշակերտը: Ուղղակի նա ինչ- որ մի պահի կատարում է  իր պարտականությունը՝ կատարում է շատ լավ և մենք հասկանում ենք, որ նա արդեն հերոս է: Մենք պիտի պահենք- պահպանեք նրանց հիշատակը, որպեսզի մեր  հետագա ճանապարհն ավելի հեշտ լինի: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկն ասում էր՝ ողջերի իրական տերերը անցավորներն են: Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների հիշատակին, նրանց թափած արյունը պիտի ավելի ուժեղացնի մեզ: Շատ կարևոր է, որ այստեղ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել: Սա դաստիարակություն է, որը միաժամանակ  հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում է գործնական հարթակ. երբ  երեխան մտնի այս դասարան, կհասկանա, որ  իր կողքին գտնվող երիտասարդը պոտենցիալ  հերոս է: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն: Մենք  ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգ, որտեղ դաստիարակությունը այսօրվա հերոսի կերպարի վրա է հիմնվում»,- նշել է ԿԳ նախարարը: 
Լևոն  Մկրտչյանն իր խոսքում  նաև շնորհավորել է  հանրապետության բոլոր  ուսանողներին ու աշակերտներին՝  Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Հավելենք, որ Ադամ Սահակյանը եղել է թիվ 114 ավագ դպրոցի սան, նրա հիշատակին նվիրված միջոցառումը կրել է «Ադամ ներկա» խորագիրը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։