83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ

2016-09-02

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակը   պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝  Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը  մինչև 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը: «Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ հատկապես ծրագրի փուլային հաջորդականության ապահովման համար: Ներկայումս աշխատանքներ ենք տանում համապատասխան հիմնադրամի ձևավորման ուղղությամբ. մոտ ժամանակներս մեր գործընկերների աջակցությամբ նոր որակ կհաղորդենք ծրագրին: Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական  սննդով»,-նշել է նախարարը և հավելել, որ սննդի որակի ապահովման իմաստով Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի մեթոդաբանական օգնությունը շատ գնահատելի է: 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: ««Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կապակցությամբ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ԿԳ նախարարության՝ երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն դոլար, որի համար նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ կառավարությանը՝ օժանդակություն ցուցաբերելու համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրով  կշարունակվի ՀՀ 7 մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտների սննդի ապահովումը: Ի դեպ, ծրագրի իրականացումն ապահովում են 1700 կին-խոհարարներ: 
Նշենք, որ Հայաստանում  «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից սկսած՝ ծրագրի իրականացմանը միացել է  ՀՀ  կառավարությունը՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է  ՀՀ բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից: Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած 7 մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված են ՀՀ մարզերի  դպրոցների տարրական դասարաններում սովորող  շուրջ 83 հազար աշակերտներ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։