Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը

2016-09-05

Երևանում մեկնարկել է  Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են  65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Համաժողովի մասնակիցներն առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համաժողովի  հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիրում: Բացման խոսքովհանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով համաժողովի նպատակները և նշանակությունը,  նշել է, որ Երեխաների սնուցման համաշխարհային  համաժողովը  ասիական տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ:  Համաժողովը  կարևոր է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ճանաչողության առումով՝ հաշվի առնելով, որ համաժողովում շատ են հատկապես աֆրիկյան երկրների պատվիրակությունները: Նախարարն իր խոսքում նշել է , որ դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում գործող ամենահաջողված  սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրերից  է. <<Այսօր ծրագիրն իրագործվում է բոլոր մարզերում՝ ինչպես կառավարության, այնպես էլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Մեր նպատակն է  ի վերջո հասնել  նրան, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների կրտսեր դասարաններում մատուցվի տաք սնունդ: Ի սկզբանե ծրագիրը մեկնարկել էր  մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, սակայն այս պահին արդեն  պետական բյուջեն իր է վրա վերցրել  բակավական լուրջ պատասխանատվություն: Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ծրագիրն իրագործվում է պետական բուջեի ֆինանսավորմամբ: Այս տարվանից սկսած Տավուշի մարզում  ևս դպրոցական սնունդը կմատուցվի պետության միջոցներով: Հետագայում փորձելու ենք, քայլ առ քայլ աշխարհագրությունն ընդլայնելով, ավելացնել պետության մասնակցությունը ծրագրին ,- նշել է նախարարն և հավելել, որ  մեր երկրում ծրագրի  իրականացմանը մեծ աջակցություն են ցուցաբերում միջազգային դոնորները: 
Լևոն Մկրտչյանի խոսքով՝   բոլոր 1- 4-րդ դասարանցիների  սննդի կազմերպման  համար դպրոցներում անհրաժեշտ է  համապատասխան ենթակառուցվածքների ապահովում. խոհանոցների, սառնարանների և այլ տեխնիկական պայմանների առկայություն: <<Այս առումով մեզ համար  միջազգային  փորձը կարող է օգտակար լինել, ինչպես  նաև մեր   փորձը կարող է հետաքրքրել այլ երկրների>>,- նշել  է Լ. Մկրտչյանը և հավելել,,որ  Հայաստանում ձևավորվելու է համապատասխան հիմնադրամ, որը կաջակցի դպրոցներին  սննդի կազմակերպման համար  պահանջվող համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հարցում. <<Շենքային պայմանների վերակառուցման և նորոգման, խոհանոցների ձևավորման համար պահանջվում են ֆինանսական լուրջ միջոցներ, որը  պետական բյուջեն  իր վրա վերցնել չի կարող: Մենք ակնկալում ենք, որ այդ խնդիրը կլուծվի  հիմնադրամի աջակցությամբ>>: Նախարարի խոսքով՝    այն մարզերում, որտեղ պետության կողմից իրականացվում է  դպրոցական սննդի ծրագիրը, պետբյուջեից յուրաքանչյուր երեխայի  համար հատկացվում է  օրական մոտ 150 դրամ գումար: Ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: 
Համաժողովի մասնակիցներին  ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջեն Ուայթը,   Բրազիլիայի ՊՀԾ Սովի դեմ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբան և ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրեն Էրթահին Քուզին: 
Համաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև  սեպտեմբերի 9-ը:
Միջոցառման  համակազմակերպիչներն են «Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամը», Բրազիլիայում գործող ՊՀԾ-ի «Սովի դեմ գերազանցության կենտրոնը» և ՀՀ կառավարությունն`  ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության: Նախորդ տարիներին համաժողովները  տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում,  Քենիայում, Եթովպիայում և Բրազիլիայում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։