Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

2016-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  հրամանով Սիրիայի Կրթասիրաց Սարգիս Ջեմբերջյանի երկրորդական վարժարանի տնօրեն  Անդրանիկ Պողոսյանը պարգևատարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը հանձնել է ԿԳՆ  աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը :
Կրթասիրաց  վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին և գործում է Կրթասիրաց մշակութային միության հովանու ներքո: Ա. Պողոսյանն այս կրթօջախի ղեկավարումը ստանձնել է  1999 թվականից: Նրա պաշտոնավարման օրոք վարժարանը  դարձել է նախ միջնակարգ, իսկ 2006 թվականին՝ երկրորդական վարժարան:
Պարգևը հանձնելով Ն. Հարությունյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանի տարիների ազգանվեր գործը, սփյուռքում հայեցի կրթության պահպանման և զարագացման ուղղությամբ ներդրած ջանքերը. «Ձեր գործի   ամենամեծ գնահատականը վարժարանի սաների հայերեն խոսքն ու գիրն է, նրանց ընտանիքների երախտապարտ վերաբերմունքը  Ձեր նկատմամբ»,- նշել է Ն.  Հարությունյանը:
Պարգևատրման արարողությանը մասնակցել է Կրթասիրաց մշակութային միության ներկայացուցիչ Ալեքսան Կարադանյանը: Վերջինս ներկայացրել է Կրթասիրաց մշակութային միության կողմից իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ դրանք կարևոր դեր ունեն սիրիահայ երիտասարդության համախմբման գործում:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Ա.Պողոսյանը նշել է, որ սփյուռքում աշխատող հայ մանկավարժը պարտավոր է օգնել դժվարին պայմաններում հայտնված երեխաներին ու նրանց ծնողներին. «Ինչպես մեկ դար առաջ մեր պապերը երեխաներին հավաքում էին փողոցներից և հոգում  նրանց ապագա ճակատագիրը, այնպես էլ մենք այսօր  պետք է ամեն ինչ անենք նրանց համար»,- նշել է Անդրանիկ Պողոսյանը : 
Հավելենք, որ Ա.  Պողոսյանը եղել է նաև Գամիշլիի և հարակից շրջանների թաղային խորհրդի ատենապետը, 1991 թվականին ընտրվել և առ այսօր հանդիսանում է Բերիո թեմի Գավառական ժողովի անդամ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։