Քաղաքակրթությունների երկխոսությունը սկսվում է կրթությունից. Լևոն Մկրտչյան

2016-09-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ ծավալ է զբաղեցնում:Դրա առհավատչյաներից մեկը, ինչպես իր խոսքում շեշտել է Լ. Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն է, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատպարտման ասպարեզում հետևողական ջանքերի և մեծ աշխատանքի համար՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ի դեմս Ֆրանսիայի, տեսնում է բարեկամ երկրի, և այդ բարեկամական կապերի ամրապնդման համատեքստում կարևորվում է ֆրանսերենով և ֆրանսիական մշակույթով կրթական ծառայությունների առկայությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուին, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելությոն համար, ընդգծել է, որ կրթական համագործակցությունը իսկապես կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ֆրանսիական հարաբերությունների բոլոր ասպարեզներում. «Մենք խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին՝ դրան հիմնականում անդրառանալով պատմական հիշողության տեսանկյունից, սակայն սա նաև շատ կարևոր կրթական խնդիր է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերություններում, այլև ընդհանրապես ողջ աշխարհի համար»,- իր խոսքում նշել է Բրյունո լը Ռուին՝ հավելելով, որ իրենք շարունակելու են հետևողական աշխատանքներ իրականացնել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կենսունակության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ֆրանսիայի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը և ոլորտի քաղաքականությունը. նշել է, որ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի կրթական չափարոշիչները լիովին համապատասխանեցվել են եվրոպական չափանիշներին, մեր բոլոր կրթական աստիճանները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում: «Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում անընդհատ շփվել է տարբեր քաղաքակրթությունների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսությունը սկսվում է կրթությունից, և վարում ենք բաց կրթական քաղաքականություն»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գործում են տարբեր պետությունների հետ համատեղ բացված միջազգային բուհեր, որոնցից մեկն էլ Հայաստանում ֆրանսիական համալսարանն է: 
Ներկայացնելով ԵՄ «Հորիզոն 2020» գիտական ծրագրին Հայաստանի անդամակցությունը՝ որպես նշանակալի ձեռքբերում, նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը միջազգային համագործակցության շնորհիվ. ներդրումային հոսք է ակնկալում «Գիտության ոլորտում առկա խնդրի լուծման ճանապարհներից մեկը բարեկամ երկրների հետ համատեղ գիտական նախագծերի իրագործումն է»,- նշել է ԿԳ նախարարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի սոցիալական խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ առկա և նախատեսված ծրագրերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։