Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

2016-09-15

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ  կրթության  և  գիտության  նախարար  Լևոն  Մկրտչյանի   գլխավորած  պատվիրակությունը հանդիպում է ունեցել   Վրաստանի  կրթության  և գիտության  նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով  պատվիրակության  անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: 
Նա  ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական  բարեփոխումները  և  ծրագրերը, ինչպես նաև   համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները: 
Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաև Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն իր վրաց  գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման  ընթացքում քննարկվել են  երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում,   հանրակրթական  և միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում: Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում  գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ:  Այցի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կենտրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն և հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության և կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով: Վրացական կողմը նշել է,  կրթության որակի ապահովման  ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և մեխանիզմների շնորհիվ  կոնկրետ արդյունքներ են արձանագրել: Հայկական  պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով և առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը:
Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։