Շուրջ 400 գիտնական իր տվյալներով համարվում է բարձր վարկանիշ ունեցող

2016-09-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «Անկախության 25 տարիները. գիտության ոլորտի ձեռքբերումները և հիմնախնդիրները»  թեմայով: Բանախոսը լրագրողներին է ներկայացրել գիտության ոլորտի բարեփոխումները՝ պատմական հակիրճ անդրադարձ կատարելով խորհրդային շրջանում գիտության ոլորտի ձեռքբերումներին, անկախության տարիներին ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին, հիմնական գիտական  ծրագրերին, ֆինանսավորման ուղղություններին և այլն: 
«Հայաստանի անկախությունից հետո մեր երկիրը հայտնվել էր ծանր սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակում, երբ գիտության մասին անհնար էր խոսել: 2005 թվականից, երբ հանրապետությունում սկսեց գրանցվել լուրջ տնտեսական աճ,  գիտության նկատմամբ ևս հետաքրքրությունը բարձրացավ: 2007 թվականին ԿԳ նախարարության կազմում ստեղծվեց Գիտության պետական կոմիտեն, որի հիմնական նպատակներից էր գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը: Վերոնշյալ քաղաքականությունն ուղղված էր նրան, որ պահպանենք և զարգացնենք խորհրդային համակարգից մնացածը և հնարավորինս արագ մեր գիտական համակարգն ինտեգրենք եվրոպական և համաշխարհային գիտակրթական տարածքին: Այդ պատճառով մեր աշխատանքները սկսեցինք գույքագրումից՝ հասկանալու համար՝ արդյոք այն բավարա՞ր է: Պարզվեց, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում աշխատում էր 33 հազար գիտնական, 2007-ին նրանց թիվը 6.5 հազար էր: Այսօր շուրջ 7000 մարդ է աշխատում գիտության ոլորտում, որոնցից 4000-ն է գիտնական: Հայաստանի համար սա փոքր թիվ չէ, որը ենթադրում է ինքնավերարտադրում: Ավելին, շուրջ 400 գիտնական իր գիտաչափական տվյալներով համարվում է բարձր վարկանիշ ունեցող: Նրանց մեջ լուրջ տոկոս են կազմում մինչև 35 տարեկան երիտասարդները»,-նշել է բանախոսը՝ ներկայացնելով ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր: Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաև պետական ֆինանսավորման հիմնական ուղղություններին: «Բազային ֆինանսավորմանը տրամադրվում է պետական բյուջեի 70 տոկոսը, որի շրջանակում ֆինանսավորվել են պետական գիտական կազմակերպություններ և բուհեր: 2016 թ. դրությամբ ֆինանսավորվել է  199 բազային ծրագիր, 2 համատեղ լաբորատորիա, 1 համատեղ խումբ: Կարևոր տեղ ունի նպատակային ֆինանսավորումը, որովհետև նպատակային ծրագրերն ուղղված են գերակա համարվող ոլորտների զարգացման և պաշտպանական ծրագրերի իրականացմանը: Այս ծրագրերի 90 տոկոսը օգտագործվել են պաշտպանական խնդիրների լուծման համար: 2016թ. դրությամբ  ֆինանսավորվել է 15 նպատակային ծրագիր: Հաջորդը թեմատիկ ֆինասավորումն է, որի շրջանակում ֆինանսավորվում են հետազոտական խմբեր (առավելագույնը` 5 հոգի), անհատ հետազոտողներ և ասպիրանտներ` գիտական կազմակերպություններից և բուհերից: 2016թ. դրությամբ ֆինանսավորվել է 169 թեմա, 11 կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմա (35% և ավելի մասնավոր մասնաբաժնով), 6 երկկողմ ծրագիր` ՀՀ-ԼՂՀ, 5 ծրագիր «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվող, 5 ծրագիր Շիրակի մարզի կազմակերպությունների համար, բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողի և 31 երիտասարդ գիտաշխատողի հավելավճարի տրամադրման ծրագիր: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հայտերի մրցույթներում կատարվել են մի քանի արդյունավետ և կարևոր նորամուծություններ, մասնավորապես, ներդրվել է հայտերի գնահատման անկախ փորձագիտական համակարգ, որը հստակ աշխատում է: Ներկայումս ունենք շուրջ 1500 փորձագետ, ովքեր բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են՝ Հայաստանից և արտասահմանից: Այս ֆինանսավորմամբ հնարավորություն տրվեց օգտագործել նաև Սփյուռքի ներուժը. փորձագետներից 500-ը հայազգի բարձրակարգ գիտնականներ են: Արդեն 6 տարի մեր բոլոր ծրագրերն անցնում են փորձաքննություն և' Հայաստանում, և' արտասահմանում, և միայն գնահատականների ընդհանուր ամփոփումից հետո են ֆինանսավորվում այդ ծրագրերը: Այս փորձագիտական համակարգը բավականին լավ է ընդունվել ԱՊՀ-ի և Սևծովյան երկրների շրջանում: ԵՄ-ի կողմից համակարգն արժանացել է այնպիսի բարձր գնահատականի, որ շուտով Արևելյան Գործընկերության ծրագրերի մրցույթներում այս համակարգը կօգտագործվի որպես պիլոտային»,-նշել է Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով նաև իրականացվող ընթացիկ ծրագրերին: «Ներդրվել են երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների ֆինանսավորման և անհատական աջակցության ծրագրեր: Թեմատիկ ֆինանսավորման մեջ, ինչպես նաև միջազգային հետազոտական ծրագրերում երիտասարդ հետազոտողների ներգրավվածության նվազագույն ցուցանիշը 25% է: Հաջորդը բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման ծրագիրն է, որի շրջանակում հավելավճար տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների: Ծրագիրն ամենամյա է և իրականացվում է 2013թ.-ից: Ընդհանուր ֆինանսավորումը` 162 մլն ՀՀ դրամ: Արդյունքում` մինչև 100 գիտնականներ ամսական ստանում են 135000 ՀՀ դրամ հավելավճար՝ մեկ տարվա ընթացքում: Այս տարի հաղթող է ճանաչվել 97 գիտնական»,-նշել է բանախոսը՝ անդրադառնալով նաև կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրին: «Ծրագրի նպատակը տնտեսության մեջ կիրառելի արդյունքի ձեռքբերումն է` մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով: Նախագծի տևողությունը երկու տարի է: Ծրագիրն իրականացվում է 2011թ.-ից, առավելագույն ֆինանսավորումը` 30 մլն ՀՀ դրամ: Համաֆինանսավորումը մասնավոր հատվածից եղել է` 15% (2011-2013), 25% (2013-2015) և 35% (2015-2017): Ծրագրերն ընտրվում են անկախ փորձաքննության հիման վրա: 2011-2013 թթ. ստացվել է 42 հայտ, ֆինանսավորվել է 17 ծրագիր, 2013-2015թթ.` 32 հայտ, ֆինանսավորվել է 16 ծրագիր, 2015-2017 թթ.` 22  հայտ, ֆինանսավորվել է 11 ծրագիր: Սա մասնավոր-պետություն համագործակցության իրական օրինակ է: Մասնավոր հատվածն իրավունք ունի ծրագրի արդյունքը լիովին օգտագործել իր բիզնեսի մեջ: Ծրագրով փորձ արվեց մտնել գիտական արդյունքի առևտրայնացման փուլ. արդեն պատրաստի գիտական ծրագրերը ներկայացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որն այն կարող է կիրառել տնտեսության ոլորտում կամ վաճառել արտասահմանյան կառույցի, եթե այն մեր երկրում պահանջված չէ»,-նշել է բանախոսը՝ խոսելով նաև պաշտպանական ոլորտի ծրագրերի մասին: «Ստեղծվել է ռազմաարդյունաբերության կոմիտե և երկու  նոր կառույց՝  ՀՀ վարչապետին առընթեր ռազմաարդյունաբերության խորհուրդ և դրան առընթեր ռազմատեխնիկական, գիտատեխնիկական խորհուրդ: Պաշտպանական ծրագրերի համար ստեղծվել է 5 ենթահանձնաժողով, որոնք ծրագրերի փորձաքննությամբ են զբաղվում: Բոլոր ծրագրերը պետք է նախ անցնեն այդ խորհրդով, հետո ստանան ֆինանսավորում, նոր միայն սկսվի այդ ապրանքների  արտադրությունը, որոնք  կկիրառվեն պաշտպանական խնդիրների համար: Ամենայն հավանականությամբ` մոտակա շրջանում նոր ենթակառուցվածքներ կստեղծվեն: 2017 թվականին կփորձենք ստեղծել հատուկ կոնստրուկտորական բյուրո, որը պետք է կապ հաստատի պաշտպանական և գիտական հիմնարկների միջև»,-նշել է բանախոսը՝ անդրադառնալով նաև միջազգային համագործակցության հարցերին:«2008-2016 թթ. ընթացքում կնքվել են 39 երկկողմ համագործակցության պայմանագրեր (ևս 34-ը՝ 1991-2004 թթ) ` CNRS (Ֆրանսիա), BMBF (Գերմանիա), RFBR (Ռուսաստան), FFR (Ռուսաստան), RFH (Ռուսաստան), SASII (Ուկրաինա), MST (Չինաստան), ICTP (Իտալիա) և այլ օտարերկրյա կազմակերպությունների հետ: ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը: «Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Սա շատ կարևոր ծրագիր է, որով ակնհայտ է դառնում, որ գիտության ոլորտում մենք Եվրոպայի հետ ասոցացված երկիր ենք»: Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաև գիտության ոլորտում իրականացվող խոշոր տարածաշրջանային նշանակության երկու ծրագրերի: «Ծրագրեր, որոնք էական ազդեցություն կունենան հետազոտությունների և մշակումների ընդհանուր բնագավառի վրա: Առաջինն Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) ծրագիրն է: Ռադիոիզոտոպների «CYCLONE 18/18» արագացուցիչը կգործի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կկատարվեն ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերում, նախատեսվում է նաև բժշկական կենտրոնի ստեղծում: Բժշկական հետազոտություններին զուգահեռ իրականացվելու են նաև միջուկային հետազոտություններ, ինչն այդ արագացուցիչը դարձնում է եզակի: Երկրորդը «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գործունեությունն է: Ծրագրի հաջողությունն ակնհայտ է. արդեն ունենք արտասահմանցի ասպիրանտներ: Բացի այդ, ստեղծել ենք նաև գիտական սարքաշինության կառույց, որը նաև գիտական սարքավորումների արտասահմանյան պատվերներ է կատարում եվրոպական բարձրակարգ կենտրոնների համար»,-նշել է նա:
Ասուլիսի ընթացքում Սամվել Հարությունյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։