Լևոն Մկրտչյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
2016-09-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ:
Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում: Ընդառաջելով Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների և եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները: