Ազգային կրթական համակարգերի զարգացումը` համագումարի առանցքում

2016-10-04

Մոսկվայում այսօր ամփոփվել են «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության համակարգում առկա հիմնախնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են:
 «Անկախության տարիներին, անշուշտ, մենք ձևավորել ենք մեր ազգային կրթական համակարգը, բայց  փոքր ժողովուրդների  համար շատ կարևոր է, որ կարողանան ապահովել ազգային կրթակարգերի սահուն  զարգացումը մեծ տարածքներում: Քաղաքակրթական, հատկապես կրթական մեծ տարածքներին անդամակցումը և համաշխարհային զարգացումներին մեր ընդհանուր գաղափարախոսության ուղղորդումը շատ կարևոր են: Այս առումով մեր քննարկումները Մոսկվայում բավականին արդյունավետ էին: Մեր գործընկերներն ունեն այն համոզումը, որ պետք է  համընթաց, առանց եղածը քանդելու և վտանգելու կարողանանք զարգացնել մեր ազգային կրթական համակարգերը` համաշխարհային կրթական գործընթացներում առաջիններից մեկը լինելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 
Երկօրյա համագումարի ընթացքում պատվիրակները մասնագիտացված խմբերում քննարկել են հանրակրթության ողջ ոլորտին առնչվող ժամանակակից մանկավարժության  մարտահրավերներն ու հիմնախնդիրները, փորձել համընդհանուր ուղիներ գտնել դրանց լուծման համար, անդրադարձել մանկավարժական կադրերի պատրաստման և կրթության համակարգին վերաբերող ամենատարբեր հարցերի: Մանկավարժության, կրթական գործի նորագույն մեթոդների ներկայացման համար կազմակերպվել են նորարար-մանկավարժների վարպետաց-դասեր:
Համագումարի շրջանակում կազմակերպվել է նաև ԱՊՀ երկրների կրթական համակարգերի ձեռքբերումներն ու հաջողությունները ներկայացնող ցուցահանդես: Պատվիրակներն այցելել  են Մոսկվայի թիվ 1409 պետական գիմնազիա, որտեղ ծանոթացել են ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կառավարման նոր համակարգին ու կրթական գործընթացի կազմակերպման ժամանակակից և նորագույն մոտեցումներին:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։