ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ
0000-00-00
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:
Ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի նրա վրա է դրված հայ տեսակի շարունակության ապահովման և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է հասնենք մեր ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:
Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:
Սա է ուսուցչի և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:
Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: