Դպրոցականների մրցումներ` «Ազգային ժողովի գավաթի» համար
2016-10-07
Երևանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմերը: Հաղթողներին մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Ողջունելով մասնակիցներին և հաղթողներին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ավանդական դարձած այս մրցաշարը նպաստում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման զարգացմանը.
«Մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, այս դեպքում զուտ խորհրդանշական իմաստ ունեն: Իրականում դուք բոլորդ էլ արժանի եք մրցանակների, ձեր մասնակցությունն ու ոգևորությունը այս մրցաշարի ամենամեծ ձեռքբերումն են: Ես անձամբ իմ ու նախարարության անունից շնորհավորում եմ բոլորիդ»,- իր խոսքում ընդգծել է Մանուկ Մկրտչյանը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության թիմային արդյունքներով առաջին տեղը գրավել են Երևանի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Գեղարքունիքի թիմերը:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի տեղեկացմամբ մրցաշարն անցկացվում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրային նյութերի ատլետիկական և մարմնամարզական վարժաձևերի շրջանակում: Գնահատումը կատարվում է ֆիզկուլտուրայի համապատասխան դասարանների ուսումնական պլանի գնահատման նորմատիվներով: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Եզրափակիչ փուլին մասնակցել են 192 դպրոցականներ և մարզիչներ: Մրցույթն անցկացվում է 16-րդ անգամ, մասնակցում են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:
Մրցաշարի կազմակերպիչներն են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը: