Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք
2016-10-10
Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի է ունեցել Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որվհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»:
ԿԳ նախարարը փաստել է, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից հատկացվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:
Արարողությունը եզրափակվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով` նա մասնավորապես նշել է.«Մեր լուսամիտ, երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով հաստատվեց այս հոգևոր հաստատությունը` նպատակ հետապնդելով, որ եկեղեցական մեր կյանքում բարի ավանդույթները վերականգնվեն և այս հաստատությունից ներս կրթվեն, դաստիարակվեն արժանավոր եկեղեցականներ ու հայորդիներ: Այս հաստատության նշանաբանն էր` առաջին հերթին կրթել արժանավոր հայ մարդ, հայ անհատ և, միաժամանակ, պատրաստել արժանավոր հայ եկեղեցական: Եվ այս հաստատությունն իր առաքելությունը փառքով ու պատվով իրականացրեց ազգային մեր կյանքում: Բազում մեծանուն մտավորականներ դուրս եկան այս հաստատությունից և իրենց կարևոր ծառայությունը բերեցին ազգային մեր կյանքին: Նաև` արժանավոր եկեղեցականներ, ովքեր եկան հոգևոր կյանքը պայծառացնելու, մեր ժողովրդի հավատքը լուսավորելու, նրա ընթացքը հավատարմության մեջ պահելու մեր հայրերի սրբազան հավատքին»: