Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները շարունակվում են
2016-08-04
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂՀ-ի կրթական համակարգը, ինչպես նաև անդրադարձել Սփյուռքի հետ համագործակցությանը: «Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում նման գիտաժողովի հրավիրումը, որի ընթացքում մեկ անգամ ևս հնարավորություն կունենանք ի մի բերել մեր համատեղ անելիքները, ներկայացնել այն բոլոր հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք առկա են մեր ընդհանուր կրթական համակարգում: Արցախի իշխանությունների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին՝ Արցախի համար դժվարին պահերին մեր ժողովրդին նեցուկ կանգնելու և մեր անվտանգության հարցերին ձեր աջակցությունը հայտնելու համար»,-նշել է Սլավիկ Ասրյանը՝ խորհդաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացնելով Արցախի կրթական համակարգը՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական կրթություն: Նախարարն անդրադարձել է նաև կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ Արցախի համագործակցության խնդիրներին:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով իր հերթին ներկայացրել է Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական քաղաքականությունը և 2017 թվականի նախաձեռնությունները:
Այնուհետև զեկույցներով են հանդես եկել Սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: Մասնավորապես, Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության կազմակերպման հիմնական հայեցակարգային մոտեցումները և հիմնախնդիրները, հիմնական ժամանակակից միտումները ներկայացրել են Իրանի, Թուրքիայի, Աբխազիայի և Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հնչել են նաև «Հայապահպան գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները Սփյուռքում» և «Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը» թեմաներով զեկույցներ:
Խորհրդաժողովի երրորդ օրը մասնակիցներն աշխատել են առանձին մասնախմբերով, որոնց ընթացքում քննարկվել են ամենօրյա դպրոցների հիմնախնդիրները և կրթական կառույցների հետ երկկողմանի համագործակցության հեռանկարները, մեկօրյա հայկական դպրոցների հիմնախնդիրները և աջակցության հնարավոր ուղղությունները, Հայաստանում սիրիահայերի կրթության կազմակերպման ու ինտեգրման հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև սովորողների խոսքի զարգացման հիմնախնդիրները տարբեր տարիքային խմբերում, արևմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, ծնողների հետ աշխատանքի կազմակերպման նպատակները, եղանակները և ձևերը՝ հայեցի կրթության և դաստիարակության համատեքստում: Բացի այդ, լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական քննությունների կազմակերպմանը և հայոց լեզվի վկայականի տրամադրմանն առնչվող հարցերը:
Խորհրդաժողովի օրակարգով նախատեսված քննարկմանը հանդես է եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, ով խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին բերել էր կաթողիկոսի օրհնությունը:
Խորհրդաժողովի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել «Էդիտ Պրինտ» և «Զանգակ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են ուսումնական և օժանդակ նոր նյութեր և մանկական գրականություն:
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: