Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը
2016-08-01
Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:
Խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարևորել է մայր հայրենիքի և Սփյուռքում գործող հայկական գաղթօջախների հորիզոնական կապերի զարգացումը, հայեցի կրթության ամրապնդումն ու շարունակականությունը՝ այս գործում ընդգծելով հատկապես հայ ընտանիքի և համայնքի դերակատարումը. «Հայեցի կրթության և դաստիարակության գործում հայ ընտանիքը կատարում է եզակի գործ՝ դառնալով ինքնատիպ օազիս հայկականության, ազգային ընկալման և նույն ոգով դաստիարակման համար: Հայկական ընտանիքների համար կրթության հիմնական օղակը դառնում է համայնքը՝ ամենօրյա կամ կիրակնօրյա դպրոցների միջոցով»,- նշել է Ս. Երիցյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում գործող պետական կառույցները պետք է նախ հասկանան Սփյուռքում առկա կրթական խնդիրները, ապա փորձեն գործուն աջակցություն ցուցաբերել՝ հայ երեխային մայրենիի իմացությունը հասանելի դարձնելու կարևոր գործում:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ԱԺ նախագահ Գ. Սահակյանը: Խորհրդաժողովի բացմանը ներկա են եղել և մասնակցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Նշենք, որ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին և մանկավարժական ձեռքբերումներին: Խորհրդակցաբար մշակվել են մոտեցումներ, որոնք դրվել են հետագա միջոցառումների անցկացման հիմքում:
Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալ ուսումնական ավանդական խնդիրներին, ինչպիսիք են՝ դասագրքերի բովանդակությունը, դրանց բազմազանությունը, ուսուցչական կադրերի որակը, ուսումնամեթոդական աջակցությունը Հայաստանի կողմից: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված խնդիրները: Խորհրդաժողովում, որպես աշխատանքի հիմնական ձև, սահմանված են բաց քննարկումները: