Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողով

2016-08-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովներ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին: 2004թ-ին մասնակցել են 25 երկրների 125 ներկայացուցիչներ, 2006թ-ին` 21 երկրների 122 ներկայացուցիչներ, 2008թ-ին` 29 երկրների 141 ներկայացուցիչներ, 2010թ-ին` 22 երկրների 124 ներկայացուցիչներ, 2012թ-ին` 25 երկրների 148 ներկայացուցիչներ, 2014թ-ին՝ 21 երկրների 134 ներկայացուցիչներ:
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին և մանկավարժական ձեռքբերումներին: Խորհրդակցաբար մշակվել են մոտեցումներ, որոնք դրվել են հետագա միջոցառումների անցկացման հիմքում:
Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալ ուսումնական ավանդական խնդիրներին, ինչպիսիք են՝ դասագրքերի բովանդակությունը, դրանց բազմազանությունը, ուսուցչական կադրերի որակը, ուսումնամեթոդական աջակցությունը Հայաստանի կողմից: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված խնդիրները:    Խորհրդաժողովում, որպես աշխատանքի հիմնական ձև, սահմանված են բաց քննարկումներ:
Համատեղ քննարկումները հնարավորություն են ընձեռում նաև գնահատել մեր կողմից իրագործվող ծրագրերի արդյունավետությունը և կատարել անհրաժեշտ վերադասավորումները` Հայաստանի Հանրապետության աջակցությունն առավել առարկայական և նպատակամետ դարձնելու համար:
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովին մասնակցելու համար ներկա պահին հայտագրվել են 19 երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ, այդ թվում` արտերկրում հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։