Նոր բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն Երևանում
2007-09-17
2007թ. սեպտեմբերից կսկսի գործել ՀՀ կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը, որն առաջինն է Հայաստանում և բացվել է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Կենտրոնի հիմնական նպատակն է բացահայտել և գնահատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման առանձնահատկությունները, մշակել անհատական կրթական ծրագրեր նրանց համար:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ կենտրոնում աշխատելու են հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ:
Կենտրոնում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների և Հայաստանի հատուկ հաստատություններում աշխատող մասնագետների համար, ինչպես նաև հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:
Այսօր Հայաստանում ապրում են շուրջ 8000 հաշմանդամ երեխաներ, որոնցից 5000-ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Յուրաքանչյուր տարի հանրապետության հատուկ դպրոցներ են ընդունվում 400-500 երեխաներ, որոնց կարիքները կուսումնասիրվեն բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում և համապատասխան եզրակացության հիման վրա նրանց համար կկազմվեն կրթական ծրագրեր: