Համահայկական օլիմպիադա և Հայագիտական գիտելիքների մրցույթ

2007-09-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադա և Հայագիտական գիտելիքների մրցույթ, որի  նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և կապվել հայրենիքին:
Հայոց լեզվի և գրականության դպրոցական համահայկական օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2003թվականին, որին մասնակցել են 29 աշակերտ 4 երկրներից: Երկրորդ օլիմպիադային, որը կայացել է 2005թ., մասնակցել են 115 աշակերտ 8 երկրներից: 2007թ. օլիմպիադան, որը կանցկացվի սեպտեմբերի 13-ից 20-ը Ծաղկաձորի Համահայկական երիտասարդական կենտրոնում,  կմասնակցեն  125 աշակերտ 10 երկրներից:
Բացի հիմնական հայոց լեզվի ու գրականության և հայագիտական գիտելիքների մրցույթներից նախատեսված են կազմակերպել նախասիրական «Պատանի ճարտասանի», «Պատանի ստեղծագործողի», «Հայրենասիրական երգի» մրցույթներ:
Աշակերտների համար ծրագրված են կազմակերպել նաև այցելություններ Հայաստանի պատմամշակութային և կրթական հաստատություններ, արշավներ, մարզական խաղեր, գեղարվեստական ֆիլմի ցուցադրում և այլ միջոցառումներ: Երեխաները կլսեն դասախոսություն, կսովորեն հայրենասիրական երգ և հայկական ժողովրդական խաղ:
Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը և հաղթողների պարգևատրումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Աբովյան 2):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։