Երկրի հզորությունը նաև որակյալ արհեստավորներն են. Լ. Մկրտչյան

2016-06-30

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախնական արհեստագործական ուսումնարանների և քոլեջների տնօրեններ, գործատուներ, մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Նախարարը «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային մրցաշարի հաղթողներին և լավագույն մասնակիցներին հանձնել է մրցանակներ:
Շնորհավորելով մասնագիտական հմտությունների մրցույթի մասնակիցներն՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում շեշտել է, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանն այս տարի դարձել է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: «Կրթության մրցունակությունը ենթադրում է փոխկապակցված գործընթացի կազմակերպում՝ բոլոր աստիճաններում: Կրթության գլխավոր գաղափարախոսություններից մեկը որակյալ մասնագետի համար աշխատանքի շուկայում իր տեղը գտնելու հնարավորության ապահովումն է: Մասնագիտական կրթության մրցունակությունը չի կարող որոշվել բացառապես բարձրագույն կրթության ոլորտի կադրային բազայով: Հստակ է, որ Հայաստանը կարիք ունի ամենօրյա կյանքն ու կենցաղը սպասարկող մասնագիտություններ: Երկիրը հզորանում է ոչ միայն գիտությամբ, բարձրագույն կրթությամբ, գիտնականների ու հետազոտողների թվով, այլև աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որակյալ արհեստավորներով, կենցաղում պահանջարկ ունեցող մասնագետներով: Արհեստների կրթությունը նաև մեր ժողովրդի մշակույթի և պատմության մի կարևոր շերտն են ներկայացնում և դրանց ուսուցման հիմքում ընկած են մեր երկրի, պետության և ժողովրդի տարիների աշխատանքով ձևավորված հմտությունները, որոնք այսօր համադրելի են նաև միջազգային ուղղվածությունների հետ»,-  նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ մասնագիտական հմտությունների մրցույթների հաջողության կարևորագույն գրավականը մասնակիցների թվի ու աշխարհագրության ընդլայնումն է: Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ տարիների ընթացքում կավելանան նաև «Համաշխարհային հմտություններ» մրցույթի ազգային փուլում ընդգրկված մասնագիտությունները, որը նաև յուրօրինակ խթան կհանդիսանա տվյալ ուղղությունների զարգացման համար:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև «Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը:
«Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում: 2016 թվականին Հայաստանը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ: Այս տարի «Համաշխարհային հմտություններ» մրցույթի ազգային փուլն Հայաստանում անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Ազգային մրցույթն անցկացվել է երկու փուլով ՝ «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով: Նախընտրական փուլին մասնակցել են 54 ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ Երևանից և ՀՀ մարզերից, որից` 15-ը ոսկերչությունից, 28-ը խոհարարությունից, 11-ը նորաձևության տեխնոլոգիայից: Նախընտրական փուլը հաղթահարել են 16 հոգի, որից` 6-ը ոսկերչությունից, 5-ը խոհարարությունից, 5-ը նորաձևության տեխնոլոգիայից: 2016թ. մայիսի 27-28-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի երկրորդ փուլը, որի արդյունքում որոշվել են ազգային փուլի հաղթողները: Նրանք իրավունք կստանան մասնակցելու «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին /Հաղթողների անվանացանկը կցվում է/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։