Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան
2016-06-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջել է ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, որտեղ տեղակայված են ավելի քան 30 լաբորատորիաներ: Կենտրոնն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներով և ինժեներական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք օգտագործվում են բուհի ուսանողների, գիտական անձնակազմի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի սովորողների գործնական դասընթացների ժամանակ:
Նախարարին ներկայացվել են ուսանողների դիպլոմային նախագծերը, որտեղ ապագա ճարտարագետները տարբեր խնդիրների վերաբերյալ սեփական լուծումներն են առաջարկում: ԿԳ նախարարը հետաքրքրվել է, թե ինժեներական որ ուղություններն են առավել պահանջված երիտասարդների շրջանում: Գիտահետազոտական լաբորատորիայում նախարարին ներկայացված տվյալները փաստում են, որ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կուրսային և դիպլոմային աշխատանքների մեծամասնությունը բանակի և ռազմական ոլորտի խնդիրների լուծման նպատակ է հետապնդում: Ուսանողները նախագծել են շարժվող կենդանի մարմնի ջերմային էներգիան ուլտրաձայնային ճառագայթներով ֆիքսող տեսախցիկներ, որոնք կարող են կիրառվել առաջին գծում և օգնել հայ սահմանապահներին հակառակորդի տեղաշարժն արձանագրելու համար: Նախարար Լևոն Մկրտչյանը հետարքրվել է այդ նախագծերի արդյունավետության, գնային մատչելիության և այլ հարցերով: ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում նախարարին ներկայացվել է Հայաստանի ատոմային կայանի մինի էսքիզն ու վերահսկողության ծրագրավորված մոդելը, էներգետիկ համակարգի այլ նախագծեր, որոնք օգտագործվում են ՀԱՊՀ-ի էներգետիկայի ֆակուլտետի ուսումնական գործընթացում: Հանդիպման ավարտին նախարար Լևոն Մկրտչյանը կարճատև հանդիպում է ունեցել բուհի ղեկավար կազմի հետ և ներկա գտնվել գիտական խորհրդի նիստին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կան հիմնարար բուհեր, որոնք ապահովում են բազային տեխնիկական կրթություն, որը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գլխավոր պայմանն է: Նախարարի խոսքով՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այդ շարքում ունի իր կարևոր ու առանցքային դերակատարումը տնտեսության բոլոր ոլորտների համար. «Այս համալսարանում ձևավորվում է մեր ազգային նորագույն տեխնոլոգիական համալսարանի նախատիպը: Դա շատ կարևոր կրթական խնդիր է և այդ նպատակին հասնելու համար պոլիտեխնիկական համալսարանին տեխնիկական լուրջ վերազինում է անհրաժեշտ: Մենք տեսանք, որ ինժեներական և էներգետիկ ոլորտի մասնագիտությունների համար ստեղծված են լավագույն լաբորատորիաներ, որոնք անհրաժեշտ են ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմերի գիտահետեզոտական աշխատանքների համար: Սրանք ոլորտներ են, որոնք մեր երկրի համար ունեն ռազմավարական նշանակություն, և ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրեթե բոլոր ուսանողները սկսել են մտածել պոշտպանության համակարգի ու բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Ապրիլյան պատերազմն այս առումով դարձել է մոտիվացիա,- նշել է Լևոն Մկրտչյանն ու շարունակել,- տնտեսության մոդելը կարող է ունենալ երեք հիմնական տարբերակ՝ մենք կարող ենք լինել գիտելիք սպասարկող, գիտական հետազտություններ ներմուծող և ֆունդամենտալ գիտական մշակումներ արտահանող երկիր: Գիտական մշակումների վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար մենք պետք է զարգացնենք տեխնիկական բուհերը և ուժեղացնենք բնագիտական ուղղվածությունը»: Լևոն Մկրտչյանն իր խոսքում տեխնիկական կրթության ոլորտի բարելավման առումով կարևորել է օտար լեզուների իմացության բարելավման բաղադրիչը, որն աշխատաշուկայում կբարձրացնի ճարտարագետ կադրերի մրցունակությունը: «Ես համաձայն չեմ, որ կրթությունը պետք է լոկ սպասարկի աշխատաշուկայի պահանջները: Ես գտնում եմ, որ կրթությունը պետք է նաև ուղղորդի աշխատաշուկան: Եթե մենք ապահովենք որակ, ապա այդ որակյալ կադրերը կապահովեն նոր ուղղություններ, ընդ որում ոչ միայն մեր տնտեսության, այլև տարածաշրջանի՝ ԵՏՄ ընդհանուր տարածքի համար»,- ընդգծել է նախարարը: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի տեղեկացմամբ՝ բուհն ակտիվ աշխատանք է տանում տնտեսական ընկերությունների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Թեև այս ոլորտում արդեն հաջողություններ կան, հատկապես էներգետիկ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ համագործակցության ասպարեզում, սակայն անելիքներն ավելի շատ են, քան արվածը: Ռեկտորի խոսքով ներկայումս բուհը լուրջ խնդիր ունի հատկապես քիմիական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերներ գտնելու հարցում: Ռեկտորի խոսքով՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնը մասնաճյուղեր ունի նաև Կապանում և Վանաձորում: