Ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք. Լ. Մկրտչյան

2016-06-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:
Շնորհավորելով օլիմպիադայի հաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է օլիմպիական շարժման կարևորությունը և նշել. «Ընդհանրապես երկու բան կյանքում չափազանց անհրաժեշտ է. առաջին. դուք պետք է ունենաք ձեր անձնական ազատությունը և ընդհանուր զարգացածության նշաձողը և  երկրորդը. 21-րդ դարում առավել կարևոր է՝ մասնագիտական նախընտրությունների ձևավորումը, որը հնարավորություն կտա ձեր աշխարհընկալումն ուղղորդել ճիշտ ճանապարհով:
Սեփական աշխարհընկալումն ունենալու համար ձեզանից յուրաքանչյուրը նախ պետք է հասկանա, թե որտեղից է գալիս և ուր է գնում: Օլիմպիական ճանապարհի այս փուլում  դուք դարձել եք հաղթող և արձանագրել լուրջ հաջողություն, հետևաբար ձեզանից յուրաքանչյուրը, դառնալով հաղթող, ունի պատասխանատվություն ոչ միայն անձնական այլև ընդհանրական ճանապարհի համար, որով անցնելու է ձեր սերունդը: Որպես օլիմպիական շարժման ջահակիրներ՝ դուք ձեր հաղթանակների լույսը պետք է փորձեք տարածել ձեր շուրջը: Դուք մեր հանրապետության ապագան եք, և ես վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք այսօր լուծված չեն, լուծվելու են ձեր կողմից: Մեր ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք, որովհետև դուք արդեն  հաղթող եք և պարտավորություն  ունեք գնալ հաղթանակի ճանապարհով՝ ձեզ հետ միասին տանելով ձեր կողքին գտնվող  ընկճված ու հուսահատված ընկերոջը: Եթե մեկ անգամ հաղթում ես, պետք է անընդհատ հաղթես՝ սա իմ գլխավոր մաղթանքն է ձեզ» ,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձևավորված միջազգային  առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին, շարունակելով արդեն ձևավորված ավանդույթը, այս տարի ևս կունենան լուրջ հաջողություններ:
Նշենք նաև, որ այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, Երևանի և Լեռնային Ղարաբաղի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին կարգի, 105-ը՝ երկրորդ կարգի, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:
Օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից՝ 3 փուլերով (համայնքային, մարզային կամ քաղաքային, հանրապետական):
 Ընդհանուր առմամբ միայն բնագիտական 7 առարկաներից օլիմպիադաների 3 փուլերին մասնակցել են ավելի քան 45 հազար դպրոցականներ:
Կից ներկայացնում ենք դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2015-2016 ուսումնական տարվա հանրապետական փուլերի մասնակիցների թիվը՝ ըստ առարկաների և հաղթողների անունների:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։