«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ
2016-06-15
Գրագիտության միջազգային մրցանակները շնորհվում են 1967 թվականից: Ներկայումս դրանք բաղկացած են Կորեայի Հանրապետության կողմից հովանավորվող «UNESCO King Sejong Literacy Prize»-ի շրջանակներում շնորհվող երկու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հովանավորվող «UNESCO-Confucius Prize for Literacy»-ի շրջանակներում շնորհվող երեք մրցանակներից:
Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի կառավարություններին, ոչ կառավարական կազմակերպություններին և ֆիզիկական անձանց` գրագիտության խթանման գործում իրենց ունեցած զգալի ներդրման համար:
Առաջադրված հայտերը պետք է համապատասխանեն տարվա համար ընտրված թեմային և յուրաքանչյուր մրցանակի համար սահմանված թեմատիկ ուղղվածությանը. «Գրագիտությունը բազմալեզու համատեքստում» սահմանված է «King Sejong Literacy Prize» մրցանակի համար, իսկ «Չափահասները գյուղական վայրերում և դպրոցական կրթությունից դուրս մնացած երիտասարդությունը, մասնավորապես` կանայք ու աղջիկները»` «UNESCO-Confucius Prize for Literacy» մրցանակի համար:
Հայաստանը «King Sejong Literacy Prize» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «UNESCO-Confucius Prize for Literacy» մրցանակի համար` 3 հայտ:
Հարկավոր է նկատի ունենալ, որ, մրցանակի չափորոշիչների համաձայն, նշված հայտերում ներկայացված ծրագրերը պետք է ունենան առնվազն երեք տարվա տևողություն կամ գործունեության/կիրառման փորձ, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության միջազգային մրցանակների արժանացած ծրագրերը չեն կարող ներկայացվել:
Մրցանակակիրներն ընտրվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից` ոլորտում ճանաչում վայելող հինգ անկախ փորձագետներից բաղկացած միջազգային ժյուրիի առաջարկությունների հիման վրա: Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև, արծաթե հուշամեդալ և դիպլոմ, որոնց հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու ս.թ. սեպտեմբերի 8-ին` Գրագիտության միջազգային օրը:
Ցանկացողները ներկայացման ձևանմուշների լրացված տարբերակները (ձևանմուշը առկա է նաև http://en.unesco.org/themes/literacy/prizes հղմամբ) մինչև ս.թ. հունիսի 27-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
Կից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի գրագիտության միջազգային մրցանակների շնորհման ուղեցույցը, որը սահմանում է թեկնածությունների ներկայացման կանոններն ու ընթացակարգերը: