Վերջին դասը Գետաշենի դպրոցում
2016-05-27
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հատուկ է այցելել մարզային դպրոց, որպեսզի տեսնի` մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում կրթությունը կազմակերպման, քաղաքացու ձևավորման մթնոլորտը: «Մենք պետք է ամբողջապես հենվենք նոր սերնդի վրա: Յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր պատասխանատվությունը, իսկ այս` անկախության սերունդը, պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար»,-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ անդրադառնալով այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին: Լևոն Մկտչյանը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ դրամահավաքներից: «Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել «Վերջին զանգը»: Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը, ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: «Վերջին զանգի» արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը»,-նշել է նախարարը:
Նշենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ: