Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ

2016-05-24

ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը  և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք,  իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի  թիվ 2  հիմնական դպրոցում  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման ողջ ընթացքը՝ սկսած խոհանոցային պարագաների ձեռքբերումից մինչև  կերակրացանկի  հաստատում,  սննդի պատրաստում և  մատուցում: Մասիսի թիվ 2 դպրոցում կազմակերպվում է տաք սնունդ, որից օգտվում է  390 աշակերտ: Ընդգծելով, որ ծրագրի իրագործումը կառավարության կողմից դիտվում է նպատակային՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին:  Կարևոր նախապայման են համարվում խոհանոցի առկայությունը և սանիտարական նորմերի պահպանումը: Նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. «Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից  դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք  առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- նշել է Լ. Մրտչյանը: Նախարարի խոսքով՝  փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես ծրագրի իրագործումն ավելի դյուրին է մեծ դպրոցներում, որտեղ կան խոհանոց և համապատասխան այլ պայմաններ, մինչդեռ փոքր դպրոցներում խոհանոցներ ստեղծելու համար տարածքներ չկան:
Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի համար որպես դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որն աջակցություն է ցուցաբերում  խոհանոցների ձևավորման հարցում: «Համոզված եմ, որ ծրագիրը պետք է շարունակել և հասնել նրան, որ ողջ հանրապետության դպրոցներն ընդգրկվեն և նույնիսկ ավելի բարձր դասարաններն էլ ներառվեն: Մեր երկրի սոցիալական վիճակի պայմաններում  սա  կարևոր խնդիր է, առավել ևս, որ  հասարակությունը հիմնականում գոհ է ծրագրից: Բացի սննդից, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն.  ծրագիրը երեխաների մոտ ձևավորում է կարգապահություն, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթ: Ես ուշադրություն դարձրեցի, որ բոլոր երեխաներն իրենց ափսեները հավաքում են, այսինքն` սա նաև դաստիրակություն է»,-իր խոսքում նշել է Լ. Մկրտչյանը: Պետական  ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից  1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: Ծնողական  համայնքը սեփական նախաձեռնությամբ  շատ դպրոցներում ցուցաբերում  է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող  սնունդը ավելի բազմազան և հարուստ  լինի:
Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը ևս շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ:
Մասիսի  թիվ 2 դպրոցում նախարարը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել՝  որքանով են գոհ սննդի համից ու տեսակներից, ինչպես նաև համտեսել երեխաների օրապահիկից:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն  Հայաստանում  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ  2010 թվականից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի  դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար  արժողությամբ խոհանոցային կահույք և սարքավորումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։