ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ
2016-05-25
ԿԳ նախարարն անդրադարձել է դպրոցական ծրագրի առարկայախմբերին, նշելով, որ դպրոցական համակարգում նախընտրած դասաժամերի ծավալը պետք է չլրացվի մեկ այլ առարկայախմբի հաշվին: Այս համատեքստում ըստ նախարարի՝ պետք է գտնել լավագույն ոսկե միջինը բոլոր առարկայախմբերի համար: Այս պահանջը, որպես գերակա խնդիր դրված է չափորոշիչներ մշակող մասնագիտական խմբի առջև: Կրթական նոր ծրագրի կառուցվածքում Լ. Մկրտչյանը կարևորել է պարտադիր առարկայական ժամաքանակների առկայությունը, ընդգծելով, որ շեշտը պետք է դրվի բնագիտական ուղղվածության մեծացման վրա: Լ. Մկրտչյանը նշել է, որ այս նպատակով կմշակվեն բնագիտական առարկաների պահպանման և զարգացման նոր մեխանիզմներ:
Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է գյուղական դպրոցների տնօրենների հանրային դերը՝ շեշտելով, որ այդ կերպարը պետք է լինի տվյալ համայնքում բացառիկ հարգանք վայելող անձնավորություն:
Պատասխանելով խորհրդակցության մասնակից տնօրեններից մեկի հարցին՝ նախարարը նշել է, որ տնօրենների հավաստագրման, մանկավարժների տարակարգերի տրամադրման և ատեստավորման գործընթացներում կլինեն էական փոփոխություններ, որոնց վերաբերյալ կծավալվեն նաև մասնագիտական քննարկումներ:
Անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ նախարարը համաձայնվել է այն դիտարկմանը, որ գործող համակարգը սոցիալական իմաստով խնդիրներ է ունի և պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով. «Պետք է սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ապահովել: Պետությունը պետք է ստեղծի բոլորին հասանելի համակարգ: Սա կրթության համակարգ նոր հոսք կբերի, այն հոսքը, որ մշտապես եղել է մեր ազգային կենսունակության աղբյուրը: Սա նաև նոր որակ կապահովի նախ բարձրագույն կրթության, ապա նաև մեր երկրի զարգացման համար »,- շեշտել է նախարարը:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է դպրոցների ֆինանսավորման, տարիֆիկացիայի, բյուջեի ձևավորման, ինչպես նաև կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը կոչ են արել տնօրեններին առաջիկա Վերջին դասի միջացառումների կազմակերպման ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղությունենրից և առաջնորդվել օրվա խորհրդի տրամաբանությամբ: