Կատարելագործվում է բուհերի վարկանիշավորման համակարգը

2016-05-19

ՀՀ բուհերի վարկանիշավորման գործընթացի որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացման նպատակով Աղվերանում այսօր մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը, որին մասնակցում են ՀՀ ԿԳՆ, ԿՏԱԿ-ի, ՀՀ պետական, միջպետական և ոչ պետական բուհերի, ՈԱԱԿ-ի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 
Աշխատաժողովի  հիմնական  նպատակն  է՝  ներկայացնել վարկանիշավորման  համակարգի  սկզբունքները,  մեթոդաբանությունը, ցուցանիշների  ու  հաշվարկի  մեխանիզմները  և  ստացված  նոր առաջարկությունների  հիման  վրա  լրամշակել  տարբերակները:
ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգը Հայաստանում գործարկվել է երեք տարի առաջ՝  միջազգային վարկանիշավորման փորձի հիման վրա մշակած ազգային մեթոդաբանությամբ: Ներկայացնելով վարկանիշավորման  գործող համակարգը՝ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ այս տարիների փորձը ցույց է տալիս, որ վարկանիշավորման արդյունքների հրապարակումից հետո բուհերի մոտ որոշակի հարցեր են առաջանում՝ մեթոդաբանության հետ կապված: «Այդ պատճառով այս տարի որոշել ենք հավաքվել և բուհերի հետ համատեղ քննարկել՝ ինչ առաջարկություններ ունեն վերջիններս: Դրանք բոլորը  կամփոփվեն, որի արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմները և կներկայացվեն ԿԳ նախարարի հաստատմանը: Ի վերջո, բոլորիս նպատակն այնպիսի վարկանիշավորման համակարգ ունենալն է, որին վստահեն ուսանողները, դասախոսները, ծնողները, ոլորտի ներկայացուցիչները»,-նշել է Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարի իրականացվել է նաև մեկ միասնական ցանկով վարկանիշավորում, որի համաձայն՝  բուհերը բաժանվել են ոչ թե առանձին խմբերի /կլաստերների/, այլ ներկայացված են եղել միասնական ցանկով: «Վարկանիշավորումն իրականացվել է այն հաշվարկային մեխանիզմով, որոնք վերաբերել են բոլոր բուհերին, անկախ նրանից՝ դրանք պետական են, թե ոչ, երեք մասնագիտությունից ավելի գործունեություն են ծավալում, ինչ կրթական  մակարդակներում և այլն: Կարծես թե ստացվել է: Սա առաջին փորձն էր, և մենք  նպատակ ունենք հետագայում ևս նման վարկանիշավորում իրականացնել:  Ենթադրում եմ, որ  բուհերի առաջարկների մեծ մասը վերաբերելու են հենց կլաստերային վարկանիշավորմանը, քանի որ այս մեխանիզմի պարագայում բուհերը հնարավորություն ունեն տեսնել իրենց համանման բուհերի ցանկում, համեմատել իրենց ցուցանիշները, եզրահանգումներ անել և իրենց թերացումների վրա աշխատել: Միասնական մեթոդաբանությունն ուղղակի ցույց է տալիս, թե կոնկրետ որ տեղում է հայտնվում բուհը խմբում»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը: Ա. Պողոսյանը նաև ընդգծել է, որ ներկայումս աշխարհում գոյություն ունի վարկանիշավորման երկու տեսակ՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական: «Մենք իրականացնում ենք ինստիտուցիոնալ վարկանիշավորում, քանի որ ՀՀ բուհերի քանակը քիչ է և հնարավորություն չկա մասնագիտական վարկանիշավորման, քանի որ, օրինակ, իրավագիտություն մասագիտություն ունի ընդամենը մի քանի բուհ, ուստի արդյունքներն անընդհատ կկրկնվեն: Հետևաբար, վարկանիշավորում պետք է անել մեծ  խմբերում, որպեսզի ունենանք որոշակի համեմատելի և կոնկրետ արդյունքներ»,-նշել է Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ ԿՏԱԿ-ն ուսումնասիրել է աշխարհում իրականացվող վարկանիշավորման բոլոր մեթոդաբանությունները և փորձել վերցնել լավագույնը: «Իհարկե, մենք հաշվի ենք առել նաև մեր կրթական համակարգի առանձնահատկությունները, որպեսզի այն համահունչ լինի պետական քաղաքականությանը»,-նշել է Ա.Պողոսյանը՝ անդրադառնալով նաև վարկանիշավորման չափանիշներին: «Ունենք չափանիշների որոշակի խմբեր՝ սովորողների խումբ, սովորողների արդյունքներ, գիտահետազոտական աշխատանք, միջազգային ուղղվածություն, աշխատաշուկա, ընդհանուր գնահատում և հանրային կապեր, որոնք ազդում են ընդհանուր վարկանիշավորման վրա՝ ամեն մեկն իր գործակցով, իր ազդեցության չափով: Այս երեք տարիների ընթացքում հստակ երևում է դինամիկան, ինչպես են բուհերը հետևում այս ցուցանիշներին: Օրինակ, գիտահետազոտական աշխատանքին ներկայումս ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ սա հստակ պետական քաղաքականություն է: Ինչպես ողջ աշխարհում, մեր երկրում ևս կարևորվում է, որ համալսարանները զարգացնեն իրենց գիտական մասը: Իհարկե, կարևորվում է նաև միջազգային ուղղվածության ցուցանիշը, քանի որ նպատակ է դրվել մեր երկիրը դարձնել տարածաշրջանային կրթական կենտրոն, ուստի ՀՀ բուհերը պետք է դառնան մրցունակ միջազգային ասպարեզում և ավելի շատ օտարերկրյա ուսանողներ ներգրավեն»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը՝ հավելելով, որ վարկանիշավորման արդյունքների վրա ազդում են նաև իրականացված սոցիոլոգիական հարցումները: «Հարցումներում ներգրավված են ուսանողներ, դասախոսներ և գործատուներ: Այս խմբերի կարծիքը պետք է կարևոր լինի բուհերի համար: Բացի այդ, հարցման արդյունքները հնարավորություն են տալիս բուհերին՝ տեսնել մատնանշված խնդիրները և առաջարկված լուծումները: Անցյալ տարի իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր երեք խմբերն էլ մատնանշել են  նույն խնդիրները և դրանց լուծման նույն մեխանիզմները: Սա հաշվի առնելով՝ բուհերը կարող են ոչ միայն բարձրացնել իրենց վարկանիշավորումը, այլ նաև ավելի որակյալ և արդյունավետ կրթություն կազմակերպել»,-ընդգծել է Ա. Պողոսյանը:
Քննարկման  ընթացքում մասնակիցները բարձրացրել են տարբեր հարցեր և առաջ քաշել տարբեր մոտեցումներ: Աշխատաժողովը  վաղը ևս կշարունակի իր աշխատանքները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։