Միջազգային հավատարմագրումը մոտենում է ավարտին

2016-04-28

 Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև երկու տարի առաջ մեկնարկած  մագիստրոսական ծրագրի համատեղ հավատարմագրման գործընթացը մոտենում է ավարտական փուլին: Ապրիլի 25-ից 27-ը Վայհենշտեֆանի համալսարանում Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են Եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, կազմակերպել է հավատարմագրման ավարտական փուլի քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:

Հաձնաժողովի՝  ապրիլի 26-ի նիստը սկսվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի հավատարմագրման գործընթացի քննարկմամբ: Ռեկտոր Ա. Թարվերդյանը համառոտ ներկայացրել է համալսարանը, ապա անդրադարձել  համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերին և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:
 Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խմբի կողմից  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործունեությունը,  մասնավորապես «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կրթական ծրագրի կատարման ընթացքը գնահատվել է  բարձր: Հատկանշական է, որ հանձնաժողովի կողմից ամենաբարձր վարկանիշային միավորները տրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Ուկրաինայի Սումիի համալսարանին:
Գերմանիայում կազմակերպված սեմինար-քննարկմանը Երևանից առցանց համակարգով մասնակցել են նաև ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» կրթական ծրագրի համակարգողները: Համաժողովի հիմնական նպատակը «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի  մինչ այժմ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփումն էր, որն անհրաժեշտ հիմք է ստեղծում՝ հավատարմագրման գործընթացն ավարտելուց հետո  ծրագրի շրջանավարտ-մագիստրոսներին շնորհել կրկնակի դիպլոմներ: Այսինքն՝ բացի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Տնտեսագետ-մագիստրոսի» որակավորման դիպլոմից շրջանավարտները կարող  են ստանալ նաև Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի դիպլոմ (այսօր դեռևս ստանում են նշված համալսարանի սերտիֆիկատ):
Նշենք, որ 2011 թվականից համալսարանում «Ագրարային մենեջմենթ» կրթական ծրագրի ուսուցումը կազմակերպվում է նաև գերմաներեն լեզվով: Հավատարմագրումը վերջին տարիների կարևորագույն  ձեռքբերումներից է, որը բուհին լայն հնարավորություն է ընձեռում ընդարձակելու և ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև արմատապես բարելավելու կրթության որակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։