Առկա է հայ-սիրիական կրթական համագործակցության ընդլայնման ներուժ
2016-04-22
Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները` Հայաստանը Սիրիայի համար այս բարդ իրավիճակում ևս պատրաստ է անել ամեն ինչ մեր պետությունների կրթական համակարգերի միջև առկա համագործակցության ամրապնդման և զարգացման համար:
Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Մհդ. Իսսամ Նայալին բարձր է գնահատել Հայաստանի գիտական մեծ ներուժը, ինչպես նաև համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սիրիայի կրթության և գիտության բնագավառում փոխգործակցության գործնական ծրագիրը, որը տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված ներկայում գտնվում է քննարկումների փուլում` ընդլայնման և զարգացման հեռանկարով:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հանդիպման ընթացքում Մհդ. Իսսամ Նայալին ներկայացրել է նաև Սիրիայի ներկա իրավիճակի վերջին զարգացումները: