ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության ճանաչողական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2016-04-12

Ապրիլի 3-9-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ա. Բախշյանը, ԿԳն բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական և հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աշխատակիցներ:
Այցն իրականացվել է Եվրոպական Միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի շրջանակներում: Հյուրընկալող կողմ է հանդիսացել ԳԴՀ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի բարձրագույն կրթական համակարգին, իրականացնել փորձի փոխանակում երկու երկրների միջև: Ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և հայկական պատվիրակությանն առավելապես հետաքրքրել է Գերմանիայի  բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:
Հայկական կողմի այցելությունը մեկնարկել է Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարությունում` ԵՄ թվինինգ ծրագրի թիմի համաղեկավարի և նախարարության ղեկավար կազմի հետ ունեցած հանդիպումից: Ողջունելով հայկական պատվիրակությանը` ԵՄ թվինինգ ծրագրի թիմի համաղեկավարը հիշատակել է 2015 թվականի մայիսին Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և Երևանի կոմյունիկեն, որում ամրագրվել են բարձրագույն կրթության  ոլորտի հետագա զարգացումները: Նա նշել է, որ գերմանական պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել գագաթաժողովին` հույս հայտնելով, որ հայ-գերմանական կապերը կրթության ոլորտում նոր զարգացում կապրեն: Այնուհետև ներկայացվել են դաշնային և երկրամասերի մակարդակում նախարարության հիմնական գործառույթները, մասնավորապես, Գերմանիայի բարձրագույն կրթության ռազմավարական հիմնական բաղադրիչները` ՏՀՏ ոլորտ, գերազանցության կենտրոններ, նորարարական ծրագրեր: Ընդգծվել է, որ Գերմանիայում բարձրագույն կրթության քաղաքականության մշակմամբ հիմնականում զբաղվում են 16 երկրամասերի նախարարությունները, իսկ դաշնային մակարդակով նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` դաշնային բյուջեի հաշվին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Գերմանիայի բուհական համակարգը. ըստ այդմ` Գերմանիայում ներկայումս գործում է 425 բուհ, այդ թվում` 90 ոչ պետական, ինչպես նաև խոշոր գիտահետազոտական հաստատություններ: Իրականացվում է 18000 կրթական ծրագիր: Գերմանիայի բուհերում սովորում է 2.8 մլն ուսանող, 300 հազար օտարերկրյա, այդ թվում` 867 հայ ուսանող: Առկա է 662 հազար ակադեմիական, 45000 պրոֆեսորական կազմ, 27 հազար PHD ուսանող: Բուհերի 94 տոկոսը ֆինանսավորումը ստանում  է պետական բյուջեից: Նշվել է, որ շուրջ 150 հազար գերմանացի ուսանողներ սովորում են արտերկրում` նպաստելով շարժունության և փոխանակման ծրագրերին:  Բացի այդ, Գերմանիայում ուսանում է 320 հազար արտասահմանցի ուսանող` փոխանակման և ամբողջական կրթական ծրագրերով: Հայկական պատվիրակության անդամներին հետաքրքրել են մի շարք հարցեր, մասնավորապես, ինչպես է բուհական համակարգն արձագանքում երկրամասի տնտեսական կարիքներին և արդյոք առկա է կադրերի պակաս որևէ ոլորտում, ինչպես նաև ինչպիսին է գերազանցության կենտրոնների գերմանական մոդելը:
Պատվիրակությունն այցել է նաև Նորթռայն Վեսթֆալիա երկրամասի կրթության և մշակույթի հարցերի նախարարների խորհուրդ: Խորհրդի անդամ են հանդիսանում Գերմանիայի բոլոր 16 երկրամասերի նախարարներ: Խորհուրդը համակարգում է հանրակրթության, բարձրագույն և շարունակական կրթության և մշակույթի ոլորտները: Խորհրդի հիմնական գործառույթներն են` ապահովել շարժունությունը երկրամասերի միջև, վերահսկել որակի ստանդարտները, երաշխավորել որակավորումների համադրելիությունը և դիպլոմների փոխճանաչելիությունը: Ըստ գերմանացի գործընկերների` խորհրդի հիմնական սկզբունքն է` բոլոր 16 երկրամասերի միջև ապահովել փոխհամաձայնություն, որպեսզի երկրամասերի ուսումնական և ակադեմիական շրջանակները հեշտությամբ մասնակցեն փոխանակման ծրագրերին և պահպանվի հավասարության սկզբունքը:
Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԵՄ բարձրագույն կրթության ազգային գործակալության և ռեկտորների խորհրդի ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ ազգային գործակալությունը հիմնականում զբաղվում է Էրազմուս+ ծրագրով, որի հիմնական գործառույթն է` խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների շարժունության ապահովման և բուհերի կարողությունների զարգացման ուղղությամբ: Որպես հիմնական թիրախ` մատնանշվել է այն նպատակը, որ առաջիկա տասնամյակում գերմանացի ուսանողների շարժունությունը կազմի 50 տոկոս. ներկայումս այդ թիվը կազմում է 30-35 տոկոս: Իսկ որպես հիմնական մարտահրավերներ` նշվել է ուսանողների բարձր առաջադիմության ցուցանիշը, բարձրագույն կրթության հասանելիությունը, դասախոսների շարժունության ապահովումը: Հայկական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է կրեդիտների կուտակման և ճանաչման, մանկավարժական կրթության պրակտիկայի անցկացման, ինչպես նաև էրազմուս-բուհ-նախարարություն համագործակցության հարցերը:  Ռեկտորների խորհրդի անդամը ներկայացրել է խորհրդի կազմը, որը բաղկացած է պետական և պետական հավատարմագրում ստացած 268 անդամ բուհերի ներկայացուցիչներ: Խորհրդի հիմնական գործառույթն է` տեղեկատվություն տրամադրել բուհերին, առաջարկել հայեցակարգային մոտեցումներ, կարևոր դերակատարում ունենալ բարձրագույն կրթության քաղաքականությանը վերաբերող հարցերում:
Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Գերմանիայի հավատարմագրման խորհրդի և Բիզնեսի կառավարման  հավատարմագրման գործակալության /FIBAA/ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում ներկայացվել է Գերմանիայում իրականացվող հավատարմագրման գործընթացը: Նշվել է, որ գործում է հավատարմագրման խորհուրդ, որը լիցենզիա է տրամադրում հավատարմագրման գործակալություններին, որոնք էլ իրենց հերթին իրականացնում են բուհերի կրթական ծրագրերի և հավատարմագրման համակարգի հավատարմագրում:
ՀՀ ԿԳՆ պատվիրակության հերթական այցելությունը Բոննի համալսարանն էր: Բուհը, որը 200 տարվա պատմություն ունի, ավանդական, միաժամանակ ժամանակակից կրթություն տրամադրող ուսումնական հաստատություն է: Բուհի պրոռեկտորի ներկայացմամբ` համալսարանը հետազոտական ուղղվածության ուսհաստատություն է, որի հիմնական մոտեցումն է` հետազոտության անմիջական կիրառությունը ուսման մեջ: Նշվել է, որ բուհն ունի 34 հազար ուսանող, որից 4200 արտասահմանցի, 500 պրոֆեսոր, 4000 պրոֆեսորադասախոսական կազմ: Բոննի համալսարանում սովորում է 12 հայ ուսանող, ովքեր ուսանում են արվեստի և մարդկային ռեսուրսների, մաթեմատիկայի, բնագիտական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Բոննի համալսարանը պետբուջեից ֆինանսավորվող բուհ է: Հայկական պատվիրակության խնդրանքով բուհի պրոռեկտորը մանրամասն ներկայացրել է բուհի կառավարման խորհրդի մոդելը, ռեկտորի ընտրության կարգը, կրթական ծրագրերը, որակի ապահովման մեխանիզմները, բուհի միջազգայնացման և այլ հարցեր:
ԿԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Բրյուլ քաղաքում տեղակայված Կիրառական գիտությունների եվրոպական համալսարան, որը մասնավոր, պետական հավատարմագրում ունեցող ուսհաստատություն է: Բուհի ներկայացուցիչները հիմնականում ներկայացրել են Գերմանիայում լայն կիրառություն ստացած Dual ծրագրի մոդելը: Այն է` բուհը մի կողմից առաջարկում է տեսական մաս /50 տոկոս/, և ի տարբերություն ավանդական բուհերի` նաև պրակտիկ մաս /50 տոկոս/: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծ է բուհի և գործատուի միջև կապը, համատեղ են մշակվում ուսումնական ծրագրերը` գործատուների կարիքները հաշվի առնելու համար: Որպես ծրագրի առավելություն` նշվել է այն փաստը, որ ուսանողը ստացած տեսական գիտելիքները միանգամից կիրառում է պրակտիկայում` այդ ընթացքում վերհանելով խնդիրները և առաջարկելով լուծումներ: Ծրագրով լուծվում է նաև ուսանողի զբաղվածության խնդիրը ինչպես ուսումնառության, այնպես էլ բուհն ավարտելուց հետո: Նշվել է, որ Գերմանիայում կրթության այս ձևը մեծ կիրառություն ունի. 2004 թվականին իրականացվել է  212 ծրագիր, 2014 թվականին արդեն այդ թիվը հասել է 1505-ի: Dual ծրագիրը ունի երկու մոդել` բլոկային /մեկ կիսամյակի ընթացքում 3 ամիս տեսական և 3 ամիս պրակտիկ գիտելիքներ, իսկ 5-րդ կիսամյակը ուսուցում արտասահմանում/ և երկրորդ մոդել` 2+3 /շաբաթվա ընթացքում 2 օր ուսուցում, 3 օր` պրակտիկ մաս, իսկ 5-րդ կիսամյակը ուսուցում արտասահմանում/: Բուհում գործում է նաև Կարիերայի կենտրոն, որն արդյունավետ համագործակցում է շուրջ 600 խոշոր և փոքր գործատուի հետ: Հայկական կողմին հետաքրքրել են պետական բուհերի հետ մրցակցության ապահովման, ինչպես նաև տվյալ մոդելի պարագայում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորության հարցը:
ԿԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ գրասենյակ: Նշվել է, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը համալսարանների ասոցիացիա է, որին 40 տոկոս ֆինանսավորվում է տրամադրում տվյալ երկրի ԱԳՆ-ն, 23 տոկոսը` Կրթության նախարարությունը, 9 տոկոսը` տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունը, 15 տոկոսը` ԵՄ-ն, 13 տոկոսը` այլ աղբյուրներից` այլ երկրների կառավարությունների կրթաթոշակային ծրագրեր: Անդրադառնալով DAAD-ի գործունեությանը` բանախոսները նշել են դրա հիմնական ռազմավարական ուղղությունները` լավագույնների համար կրթաթոշակների առաջարկներ, միջազգայնացում և ակադեմիական համագործակցության դաշտում փորձագիտության ձևավորում: DAAD-ի կազմում են 238 անդամ բուհ և 107 ուսանողական կազմակերպություն: DAAD-ի ծրագրերից օգտվում է 1 մլն 175 հազար գերմանացի և 860 հազար արտասահմանցի ուսանող: Նշվել է, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը շատ երկրներում ունի տեղեկատվական կենտրոններ, այդ թվում` Հայաստանում, որի գրասենյակը, ըստ բանախոսների, ակտիվ գործունեություն է ծավալում: DAAD-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հետխորհրդային տարածքում ՌԴ-ից հետո Հայաստանը երկրորդ պետությունն է, որի քաղաքացիները հետազոտությունների համար ստանում են ամենամեծ թվով կրթաթոշակներ, ընդ որում` և հայտ ներկայացնելիս, և կրթաթոշակ ստանալիս: DAAD-ի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել նաև Գերմանիայի Գործատուներիի կոնֆեդերացիայի ներկայացուցչի հետ, որի ընթացքում ներկայացվել է բուհ-գործատու համագործակցությունը: Մասնավորապես, նշվել է, որ գործատուների կոնֆեդերացիան ընդգրկում է շուրջ 1 մլն գործատու, որի նպատակն է` բարձրաձայնել գործատուների շահերը, այդ թվում` կրթության ոլորտում:
Հայկական պատվիրակությունը այցել է Գերմանիայի բնական և հումանիտար  գիտության խորհուրդ, որտեղ ներկայացվել է խորհրդի հիմնական առաքելությունը, այն է` մասնավոր բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում  և պետական բուհերի գործունեության աուդիտի արդյունքում խորհրդատվության տրամադրում: Նշվել է, որ կառույցը գիտական գործունեություն չի ծավալում. այն հիմնականում խորհրդատվություն է տրամադրում կրթական բոլոր կառույցներին:
ԿԳՆ պատվիրակության այցի արդյունքում հայկական կողմը հնարավորություն է ստացել գերմանական փորձը համադրել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հետ: Ձեռքբերված փորձը կնպաստի  բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման գործին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։