Ամփոփվել է դպրոցի արտաքին և ներքին ձևավորման մրցույթը
2016-04-11
Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփումը:
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մրցույթին մասնակցող դպրոցների տնօրեններ և աշակերտներ: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ նախաձեռնությամբ՝
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Շնորհավորելով մասնակիցներին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ բոլոր տեսակի մրցանակաբաշխությունների վերջնանպատակը համագործակցությունն է, իսկ մրցույթն ընդամենը համագործակցության միջոց է: Շեշտելով նոր կրթական նախաձեռնությունների ներմուծման անհրաժեշտությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել. որ Dasaran կրթական ծրագիրը կդառնա դպրոցին աջակցող հավելյալ արդյունավետ գործիք և կնպաստի ուսուցիչ-աշակերտ-ծնող կապի ամրապնդմանը. << Շատ կարևոր եմ համարում այս կրթական միջավայրում Արցախի դպրոցների ներառումը և հուսով եմ, որ հաջորդ կարևոր նախաձեռնությունը կլինի սփյուռքի դպրոցների ներառումն ընդհանուր ցանցի մեջ: Ընդհանրապես մեր կրթական համակարգում նոր նախաձեռնությունների համար կարևոր է հանդգնությունը՝ այս բառի դրական իմաստով: Մենք պետք է հանդգնենք գնալ այնպիսի քայլերի, որոնց կբևեռվի նաև առաջադեմ կրթական համակարգերով հայտնի երկրների ուշադրությունը: Սրա համար մեծ ֆինանսական միջոցներ պետք չեն, պետք են առաջադեմ գաղափարներ>>,- նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ կրթական ծրագրերի զարգացումը ժամանակի ընթացքում կապահովի միջազգային արդյունքներ:
«Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթին այս տարի մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 դպրոցներ, որոնք ներկայացրել են արտաքին և ներքին ձևավորման յուրօրինակ աշխատանքներ: Գնահատման և արդյունքների ամփոփման ընթացքում կարևորվել են ինչպես խմբային, այնպես էլ աշակերտների անհատական աշխատանքները: Լավագույն 41 դպրոցներն արժանացել են մրցանակների/ համակարգիչներ, պատվոգրեր և խրախուսական պարգևներ/: