Նոր ծրագիր՝ ներառական կրթության համակարգի հզորացման

2016-04-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ: Անդրադառնալով համագործակցությանը՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն  կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային:
 Նախարարն ընդգծել է, որ  համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի  կառուցում  և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը: «Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են և վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը  կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք  ձևավորելու խնդիր ունենք և այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ »,- նշել է նախարարը և հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական  և արդյունավետ համագործակցությունը կլինի  շարունակական ու կընդգրկի նաև գիտության բնագավառը:
Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման  համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։