ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ 7-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ /1-5 օգոստոսի 2016թ./
2016-03-25
Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Խորհրդաժողովի օրակարգի վերաբերյալ ակնկալում ենք մինչև ս.թ. մայիսի 1-ը ստանալ Սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկությունները: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը /օրակարգը/ կներկայացվի մինչև հունիսի 1-ը:
Կարևոր է նաև նշել թեմատիկ նիստերի ժամանակ որպես զեկուցող հանդես գալու պատրաստակամությունը և զեկույցի թեման: Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 10 րոպեն:
Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով և որին կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչներ: Թեմական և Ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել կից ներկայացվող հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
Մասնակցության և ելույթների հարցում նախապատվությունը տրվում է արտերկրի հայ համայնքներում գործող Թեմական և Ուսումնական խորհուրդների, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեծ նշանակություն է տալիս օրակարգային հարցերի վերաբերյալ պատվիրակությունների նախնական քննարկումների արդյունքների բանաձևմանն ու ներկայացմանը Խորհրդաժողովում` համապատասխան մասնախմբում զեկույցի տեսքով:
Խորհրդաժողովում կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրական ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:
Խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ստանձնում է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Պարզաբանումների, հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև առաջարկություններ և ելույթներ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
Հասցե. 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարության տուն 2, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սենյակ 336
Հեռ.` 374 10 58-13-91
ֆաքս՝ 374 10 52-73-43
Էլ. փոստ` spyurq@yahoo.com կամ info@edu.am
Կայքէջ` www.edu.am