Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության նոր հեռանկարներ

2016-03-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում: «Մեր երկրի անկախության կարևոր գրավականներից մեկն ազդեցությունների հավասարակշռումն է, և այդ առումով ֆրանսիական ազդեցությունը հատուկ տեղ է գրավում:

Իմ կարծիքով, մեր երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել»,-նշել է նախարարը:Նա ընդգծել է Ֆրանսիական համալսարանի դերը մեր կրթական համակարգում` միաժամանակ ցանկություն հայտնելով ֆրանսիական մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Իր հերթին դեսպան Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսիական կրթական հաստատության ուղղությամբ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների համագործակցությանը, զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։