Կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել. Լ.Մկրտչյան

2016-03-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին` կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար. Սաքսոնիա Անհալթ երկրամասի հետ կրթության ոլորտում համագործակցությունը տարիների պատմություն ունի և արձանագրել է կոնկրետ արդյունքներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի դիտարկմամբ` կրթությունը Հայաստանի ապագայի զարգացման համար կարևորագույն նախապայման է, և այդ համատեքստում կարևորել է Կրթության և գիտության նախարարության առաքելությունը: Նախարար Լ. Մկրտչյանը հանդես է եկել Հայաստանի մարզերից մեկում գերմանական կրթական կենտրոնի հիմնադրման առաջարկով` միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին տարիներին գերմաներեն լեզվի տարածվածության խնդրի առնչությամբ: Դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում ընդունելի է համարել կրթական կենտրոն հիմնելու գաղափարը` ընդգծելով, որ այն ժամանակին քննարկվել է նաև երկու պետությունների նախագահների մակարդակով: Հանդիպման ընթացքում կողմերը կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել կրթական կենտրոնի հայեցակարգի մշակման և նախագծի ներկայացման ուղղությամբ: Դեսպանը շեշտել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ 2015-2016 ուս. տարվա Գերմանիայից ժամանած քննական հանձնաժողովի արձանագրած այն կարծիքը, որ միջազգային մակարդակով կրթաթոշակային ծրագրի դիմորդների գիտական մակարդակը էապես բարձր է մնացած երկրների համեմատ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջին մասնագիտական ոլորտում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է եղել կրթական բոլոր մակարդակներում գերմաներեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացման խնդրին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։