«Կրթության բարելավում» վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները
2016-03-14
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա կրթակարգերի հիմնական մոդելները: Մասնագիտական խումբն արձանագրել է նաև, որ գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին: Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում: Փորձագետները դիտարկել են նաև 19 առարկայական չափորոշիչներ և ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում ընդհանուր, հումանիտար և բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից արդյունավետ չէ:
Վերլուծության է ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը կրթակարգով փոխարինելու, նոր կրթակարգ մշակելու վերաբերյալ:
Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում կրթության փորձագետների կողմից հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:
Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական և ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում: