Կվերանայվեն ավագ դպրոցների զարգացման ծրագրերը

2016-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նախ շնորհավորել է աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերջինիս մաղթել արգասաբեր գործունեություն: Այնուհետև Լևոն Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ:
Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Լևոն Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և  կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Լևոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա : Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: «Կոլեգիայի նիստում պետք է քննարկվեն բավականին լուրջ հարցեր: Առհասարակ, կոլեգիան պետք է լինի նախարարության դեմքը և ուժ տա նրան: Առկա է կոլեգիայի հեղինակության բարձրացման խնդիր»,-նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման հնարավորության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների տարակարգի, ոչ պետական բուհերի գործունեության վերաբերյալ այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։