Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. Լ. Մկրտչյան

2016-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Բացման խոսքում  նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը:
«Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են  անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն  իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական  ընդհանուր համակարգի մեջ: Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ,  մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության  խնդիրը  մեր հիմնական ուղենիշն է լինելու: Այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից,  տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից,  ձևը դարձավ գերակա: Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեինք համապատասխան փորձ, անկախ  պետության  կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը: Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ  բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,-իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որոկի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: «Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստարատուրան»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերեզանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով: «Գերազանցության գաղափարը, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել և այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման, որից և այսօր առկա է հանրային դժգոհություն: Երկրորդ կարևոր բացթողումը կրթական ընդհանուր շղթայում մագիստրատուրան է: Մենք խնդիր ունենք մագիստրոսական կրթության տեղը հստակեցնել նախ աշխատաշուկայում, ապա նաև կրթական բովանդակության տեսանկյունից»,-նշել է նախարարը և հավելել, որ կատարված  հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի  ներդաշնակ աշխատանքին: Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական շղթան և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը. «Առանց տեսլականի` կրթական համակարգ  չի լինում: Չկա որպես այդպիսին միջազգային կրթական համակարգի չափանիշ: Կրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ»,-իր խոսքն ամփոփել է Լ. Մկրտչյանը: Նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ կծավալվի մասնագիտական ազնիվ  բանավեճ:
Նշենք, որ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի աշխատանքը շարունակվում է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։