Կրթության առաքելությունը` առաջնային
2016-03-11
Կա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, գերմանական կրթություն: Այն ժողովուրդները, որոնք հաստատում են իրենց տեսակները, ձևավորում են իրենց կրթական համակարգը: Մենք դա արել ենք 4-5-րդ դարերում, երբ տիեզերական եկեղեցու սկզբունքներն ընդունեցինք, կարողացանք ունենալ մեր տեսակը՝ տիեզերական կրթական չափորոշիչների մեջ»,-նշել է Լևոն Մկրտչյանը` ընդգծելով, որ կրթական շղթայի մեջ կա երկու օղակ, որոնց չի հաջողվել ինքնահաստատվել: «Հայաստանում կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներն են` ավագ դպրոցների բեռնաթափումը և մագիստրոսական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ: Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որն ավարտելով` երեխան պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը: Ավագ դպրոցները պետք է այնպես բեռնաթափենք, որ դրանք վերածենք գերազանցության կենտրոնների, դառնան այն ուժը, որը կօգնի երեխաներին կյանք մտնել»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ վերոնշյալ խնդիրները կանցնեն հրապարակային քննարկումների փուլ` մասնագիտական և հասարակական:
Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ նախարարի, մագիստրոսական կրթությունն է, որը որակական առումով չի տարբերվում բակալավրի կրթությունիցÖ‰ Լևոն Մկրտչյանը նշել է, որ մագիստրոսական կրթությունը բովանդակային առումով չի կարողանում ուսանողին կապել աշխատաշուկային: «Օրենքն ասում է, որ բակալավրիատը լիարժեք բարձրագույն կրթություն է: Դա նշանակում է, որ ուսանողը մագիստրատուրա գնալով` պետք է ստանա նոր որակ, ձեռք բերի նոր գիտելիքներ` գիտության և պրոֆեսիոնալ դաշտում: Շատ անգամ մագիստրատուրայում ծախսում ենք ավելորդ երկու տարի, որովհետև չենք տալիս այնպիսի որակ, որը հասու չէ բակալավրին»,- նշել է նախարարը` հավաստիացնելով, որ այս խնդրի շուրջ ևս նախատեսվում են հանրային քննարկումներ: Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարարությունը որակել է որպես կրթության համակարգի պահապան. «Բոլոր ուղղություններով մեր վրա գնում է լուրջ ճնշում. պետք է կարողանանք բոլոր ազդեցությունները հավասարակշռել: Ստացվում է, որ առարկայախմբերի վրա ուժեղ «լոբինգ» է եղել, դրանք ունեցել են միջազգային ուժեղ հենարան, ուժեղ դաշտ, մտել են համապատասխան ծրագրերի շրջանակ: Ժամանակին ամենամեծ պոտենցիալն ենք ունեցել բնագիտության մեջ, սակայն առարկայական ծրագրում կորցրել ենք բնագիտական շեշտը»,-նշել է նախարարը` միաժամանակ ընդգծելով, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ոլորտը զերծ լինի «պոպուլիստական» դրսևորումներից: «Օրինակ, ապրիլին Բրյուսելում կայանալու է Եվրոպայի կրթության նախարարների հավաքը, որի ընթացքում ընդունվելու է դեկլարացիա: Դրանում հատուկ կետ կա, մտահոգություն, որ արտահայտում են բոլոր եվրոպական նախարարները: Դա հետևյալն է՝ սոցիալական դժվար և լարված պայմաններում, ցավոք սրտի, կրթության բնագավառում խիստ մեծացել է պոպուլիզմը, որը սկսում է վնասել կրթական համակարգի գործունեությանը: Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման օրոք պոպուլիստական որևէ բան չեմ անելու»,-նշել է նա:
Ասուլիսի ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ավագ դպրոցների, 12-ամյա կրթության, հակակոռուպցիոն ռազմավարության, ուսխորհուրդների և բուհերի կառավարման խորհուրդների կազմերի ապաքաղաքականացման, համընդհանուր ներառականության, միասնական քննությունների, դպրոցներում դրամահավաքության բացառման, կրթությունից դուրս մնացած երեխաների, Բոլոնիայի գործընթացի և այլ խնդիրների: