Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լ. Մկրտչյան
2016-07-06
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Երբ տարիներ առաջ սկիզբ դրվեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, խնդիրների բավականին մեծ ծավալ էր մատնանշվել, որոնց մի մասն այս տարիների ընթացքում կարգավորվել է, սակայն դեռևս ունենք շարունակական հիմնահարցեր:
Ձեր ներկայությունն այս վերապատրաստումներին կարևոր է և մասնագիտական, և հոգեբանական իմաստով, որովհետև սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են մեծ մարտահրավերների` և' մարդկային ռեսուրսի պակասը, և' համայնքներում առկա դժվարությունները»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը կարևորել է վերապատրաստման մասնակից յուրաքանչյուր ուսուցչի փոխանցած հիմնահարցերը, որի արդյունքում նախարարությունը կկարողանա աստիճանաբար գտնել յուրաքանչյուր համայնքին բնորոշ հարցերի լուծման ճանապարհները: «Հայկական համայնքները ձևավորված են հայտնի եռանկյունու շուրջ՝ հայ կենտրոն, եկեղեցի և դպրոց: Դուք ոչ միայն երիտասարդ սերունդ եք կրթում և հայեցի մտածողություն ձևավորում. ձեր աշխատանքն այն սյուներից մեկն է, որի վրա պահպանվում է համայնքը, և այս իմաստով ձեր առաքելությունն անգնահատելի: Առհասարակ, երրորդ և չորրորդ սերնդի հետ աշխատանքը պետք է այլ լինի: Սփյուռքահայ երեխաները, հատկապես Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, արդեն բոլորովին այլ միջավայրի արդյունք են: Այսինքն` համայնքից համայնք պայմանները փոխվում են, հետևաբար մոտեցումները ևս պետք է լինեն առանձնակի: Օրինակ, վրացական համայնքում կան մի շարք խնդիրներ, սակայն, վստահեցնում եմ, որ մենք թափանցիկ և սկզբունքային ենք լինելու այս հարցում; Մենք պարտավոր ենք պահել և ուժեղացնել Վրաստանի հայկական դպրոցները, որովհետև մեզ համար ռազմավարական նշանակություն ունի հայեցի կրթության պահպանումը Ջավախքում: Կարևոր է ցույց տալ, որ հայկական ճիշտ և որակյալ կրթությունը միայն ուժեղացնելու է Վրաստանի պետականությունը: Բոլորովին տարբեր են խնդիրները ԱՄՆ-ի հայկական համայնքներում՝ արևելահայերեն դասավանդելու և հայ երեխաներին հայկական դպրոցների շուրջ համախմբելու առումով: Ուստի, գոնե ավանդական համայնքներում պետք է օգտագործել բիլինգվալ ձևաչափը` արևելահայերենի և արևմտահայերենի մատուցումը, որպեսզի լեզվի դասավանդումը չավաղավվի: Մեր առջև իսկապես խնդիրներ են դրված, ուստի նախ պետք է կարողանանք կրթության որակ ապահովել, հետո խոսել ցանցի ընդլայնման մասին»,-ավելացրել է նախարարը` ուսուցիչներին առաջարկելով մատնանշել այն ծրագրերն ու խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձվի հետագա վերապատրաստումների ընթացքում:
Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերապատրաստումների կազմակերպման համար, ինչպես նաև բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին` կապված համայնքներում վերապատրաստումներ իրականացնելու, սփյուռքահայ ուսանողների ընդունելության և այլ խնդիրների վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից: Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին մասնակցում է 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը: Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլյանդիայից, Ֆրանսիայից: Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Հատկանշական է, որ բացառությամբ 5 ուսուցչի` ծրագրին այս տարի մասնակցում են Հայաստանում առաջին անգամ վերապատրաստվող ուսուցիչներ:
Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:
Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են Հայոց լեզվի և գրականության (16 մասնակից), ինչպես նաև Մեկօրյա դպրոցների (18 մասնակից) խմբերում:
Այս տարվա ուսումնական ծրագրում, ինչպես և նախորդ տարիներին առկա են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, անցկացվելու են վարպետաց դասեր: Ուսուցիչները կայցելեն նաև պատմամշակութային վայրեր:
Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: