ՀՀ կառավարությունը գնահատել է ՀՀ ԿԳՆ 2015 թ. գործունեության հաշվետվությունը
2016-02-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել են հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
Իր հերթին, Սամվել Հարությունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում ԳՊԿ առջև դրված բոլոր խնդիրներն ու գերակա ծրագրերը կատարվել են: ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև շուտով կկնքվի Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը, որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք, ինչը հայ գիտնականներին թույլ կտա մասնակցել եվրոպական ծրագրերին և դրամաշնորհային մրցույթներին:
Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտներըի զարգացումը կառավարությունը դիտարկել ու դիտարկում է գերակայություն: Վարչապետն առանձնացրել է 2015 թ.-ի ընթացքում կրթության և գիտության ոլորտում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԿԳՆ-ի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական ծրագրում, ինչի արդյունքում ցեղասպանության թեման եվրոպական մի շարք երկրներում ընդգրկվել է բուհական և դպրոցական կրթական ծրագրերում: Վարչապետը կարևորել է 2015թ. հայ դպրոցականների արձանագրած աննախադեպ ռեկորդային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում (21 մեդալ): Կառավարության ղեկավարը կարևորել է նաև 2015թ. Երևանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի անցկացումը, ինչպես նաև Երևանի՝ համաեվրոպական կրթական մայրաքաղաք հռչակվելու փաստը: Խոսելով 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում ներդրված նոր առարկաների մասին՝ վարչապետը դրանցից հատկապես կարևորել է «Միկրոէլեկտրոնիկա»-ի ներդրումը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ 2015թ. պետության սոցիալական ծրագրերը բարձրագույն կրթության համակարգում ընդլայնվել են. մասնավորապես պետության կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող հազարավոր ուսանողներ օգտվել են պետական աջակցության ծրագրերից, ինչը ևս կարևորագույն սոցիալական խնդիր է լուծել: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր է իրականացվել նաև մարտական հերթապահություն իրականացրած բանակից զորացրված ուսանողների համար:
Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջև դրված խնդիրները, կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: