Պարգևատրվել են «Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողները
2016-02-15
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Մեկ դար և ավելի...» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Նշենք, որ մրցույթի մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցյալը և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաև անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի և քաղաքական, մասնավորապես, Հայ Դատի պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` մրցույթին ներկայացվել են միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ խմբակային աշխատանք), որոնք նպաստում են կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Մրցույթի առաջին փուլում ներկայացվել են Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցների աշխատանքներ: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:
Ընտրության արդյունքում ցուցահանդեսի են ներկայացվել Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:
Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել է 15 հաղթող, 16 հաստատություն արժանացել է խրախուսական, իսկ 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների: Մրցույթ-փառատոնի անցկացման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնը: