ՀՀ ԿԳ նախարարը լուսանկարչական ապարատ է նվիրել դպրոցականին

2016-01-26

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն  այցելել էր  Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին: Այցի ժամանակ նախարարը դիտել էր նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ առանձնակի տպավորվել էր 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ  Հովհաննիսյանի լուսանկարներով:
Դպրոցում նախարարին պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկարիչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ: Նախարարը խոստացել էր օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը: ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ և անպայման մի օր կլուսանկարի նաև նախարարին և նախարարության միջոցառումները: Հանդիպման ավարտին նախարարն ու դպրոցականը պայմանավորվեցին, որ դասարանի ավարտական միջոցառումը կնկարահանվի այդ լուսանկարչական ապարատով և Էդմոնդն առավել հաջողված լուսանկարներից կտրամադրի նաև նախարարին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։