Վարչապետն այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր

2016-06-23


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով:Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, միջին, կրտսեր դպրոցներում և նախակրթարանում, ունի տարբեր ուղղություններով գիտական հետազոտություններ իրականացնող առարկայական ամբիոններ:
Կրթահամալիրի 300-ից ավելի շրջանավարտներ սովորել և սովորում են աշխարհի հեղինակավոր բուհերում, մեծ թիվ են կազմում միջազգային և հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր նվաճած սաները: Ճեմարանը հանդիսանում է նաև Միջազգային դպրոցների «Round Square» կազմակերպության համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է նաև կրթահամալիրի մասնաշենքերի բարեկարգման ու մարզական նոր համալիրի կառուցման աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանը զրուցել է կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել կրթության կազմակերպմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է կրթահամալիրի գործունեությունը և կառավարության անունից անհրաժեշտության դեպքում ճեմարանի զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։