Տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի կառավարման խորհրդի նիստը

2016-01-22

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` ԵՊԼՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվություն, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի ներկայացում, 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է խորհրդի անդամներին` նրանց հորդորելով այս տարի ևս հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում:
Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի առաջին հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի պաշտոնում կրկին առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Արմեն Աշոտյանի խոսքով`  շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանը  ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի` 2015 թվականի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետևողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի: Համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում  Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը ներկայացրել է ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվությունը, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
ԵՊԼՀ կառավարման խորհրդի նիստում հաստատվել է 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։